Ըստ գերմանական «Deutsche Welle» պարբերականի՝ քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն նշել է, որ 2014-ին Ղրիմի բռնակցումից ի վեր Ռուսաստանը մեծացրել է իր մշտական ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանների երկայնքով եւ գարուն-ամառ լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում: Ըստ էության` ուկրաինացիներն ընտելացել են լարվածության շարունակական ռիսկերի պայմաններում ապրելուն:
Միչդեռ պատերազմի մասին խոսակցություններն արդեն իսկ զգալի ազդեցություն են ունեցել Ուկրաինայի վրա: «Չպայթած պատերազմի պարագայում բռնկված տեղեկատվական պատերազմը բացասաբար է անդրադառնում Ուկրաինայի տնտեսության վրա»,- «Deutsche Welle»-ին ասել է Ֆեսենկոն:
Պարբերականն ընդգծել է, որ թեեւ մի կրակոց անգամ չի եղել, սակայն մոտալուտ պատերազմի մասին խոսքն անգամ Ուկրաինայում հանգեցրել է միջազգային ներդրողների վստահության կորստի: Կենտրոնական բանկի շնորհիվ առայսօր Ուկրաինայի արժույթը՝ գրիվնան, կայուն է. վերջին շաբաթներին եվրոյի համեմատ գրիվնան կորցրել է իր արժեքի հազիվ 10%-ը: Ուկրաինայի ԿԲ-ն արժույթի անկումը դադարեցնելու նպատակով ավելի քան մեկ միլիարդ եվրո է ծախսել:
Երկրի զարգացումն արգելափակող անորոշություն
Ըստ վերլուծաբան Սերգեյ Ֆուրսայի՝ մինչեւ հիմա տնտեսության համար իրական ազդեցություն է ունեցել միջազգային շուկաներում գումար փոխառելը: Ստեղծված իրավիճակում պարտատոմսերի վաճառքը պարտության կհանգեցնի:
Քանի դեռ ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը շարունակում է լարված մնալ, վերլուծաբանները նախազգուշացնում են. Ուկրաինայի անվտանգության վերաբերյալ ներկա անորոշությունը կարող է արգելափակել երկրի տնտեսական զարգացումը:
Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի եւ Նիդերլանդների ղեկավարներն այցելեցին Կիեւ: Բոլորը եկել էին ռազմական մատակարարումների խոստումներով: Դա աջակցության աննախադեպ ցուցադրում էր, եւ «խաղաղ» ժամանակներում Կիեւը դա դիվանագիտական հաղթանակ կհամարեր:
Ուկրաինան, Ռուսաստանի հանդեպ ուկրաինական լուրջ վախերով հանդերձ, իրավամբ Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի օրակարգում է: Կիեւը զենք եւ ապագա առաքումների խոստումներ է ստացել ոչ միայն Միացյալ Նահանգներից, այլեւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից, մասնավորապես մահաբեր զենքի տրամադրումը նախկինում դադարեցրած Մեծ Բրիտանիայից:
Այնուամենայնիվ, Ուկրաինա մատակարարվող սարքավորումների գինը շատ համեստ է՝ ԱՄՆ-ի՝ Իսրայելին կամ Աֆղանստանին հատկացված համարժեք աջակցության համեմատ:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, դաշինքը հրաժարվել է Ուկրաինայի անդամակցությունը բացառելուց, բայց նաեւ որեւէ բան չի ձեռնարկել Կիեւին ցույց տալու համար, թե որն է լինելու անդամակցության հասնելու կարճաժամկետ կամ միջնաժամկետ ուղին:
Պատրաստեց Կարինե Դավոյանը