Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 87-ամյակի հոբելյանն այսօր Ահնիձորում համախմբել էր Թումանյան խոշորացված համայնքի երիտասարդներին։ Փետրվարի 12-ին ընդառաջ նրանք մեծ գրողի ծննդավայրում էին՝ տեղացիներից ու հարազատներից Մաթեւոսյանի մասին լսելու եւ նրա աշխարհին հաղորդակից լինելու նպատակով։
Հանդիպումը գյուղի հանդիսությունների սրահում էր։
Ահնիձորի եւ Մարցի դպրոցի աշակերտները հատվածներ կարդացին Հրանտ Մաթեւոսյանի արձակից ու հարցազրույցներից։ Ապա Մարցի դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը, որ վեց ամիս նաեւ Ահնիձորի դպրոցն է ղեկավարել, այս գյուղի հետ կապված իր զգացողությունները փոխանցեց ներկաներին։
«Ես որ մնում էի էստեղ մի փոքրիկ տան մեջ, ամեն օր մտածել եմ ու ամեն օր դա եմ հիշել, որ Հրանտ Մաթեւոսյանը՝ էդ մեծությունը, էս գյուղում, էս փողոցներով քայլել է։ Ու ինձ համար մեծ պատիվ է, որ անձամբ ճանաչել եմ նրա եղբորը, շատ խոսել ենք Հրանտ Մաթեւոսյանի մասին։ Ես էնքա՜ն ուրախ եմ էս գյուղի ժողովրդին ճանաչելու համար»,- ասաց մանկավարժը։
Իսկ Համլետ Մաթեւոսյանը ներկաներին ասաց՝ շատ ուրախ է, որ Ահնիձոր տարածքը մեծանում է, ներառվում Թումանյան համայնքի մեջ, դառնում համախումբ մի գյուղ, մի հայրենիք, շատ սիրելի հայրենիք։ Ապա խոսեց եղբոր մասին։
«Հրանտ Մաթեւոսյանը եթե ասում է՝ ես գրել եմ եւ իմ ներսում կառուցել եմ իմ գրականության Թաջ Մահալը, դա իհարկե եզակի գրողների շնորհն է։ Բայց նաեւ ինքը խոնարհաբար, խոնարհ զավակի պես խոստովանում է, որ էդ Թաջ Մահալը փլվում է, որովհետեւ աշխարհը՝ իր հայրենիքը, ավելի զորեղ է, ավելի հզորն էնտեղ է, ասելիքն ավելի շատ է, մեծ է, քան իր գուրգուրած էդ գրականությունը։ Բայց մենք, որպես ընթերցող, պարտավոր ենք գրականության այդ Թաջ Մահալը սիրել, որովհետեւ ի վերջո կյանքը որքան զորեղ է, եւ գրականությունը որքան էլ կյանքի արձագանքն է, այնուամենայնիվ գրականությունն է մեզ ուղեկից լինում եւ ոչ անկենդան բնաշխարհը»։
Ահնիձորի դպրոցի երկարամյա նախկին տնօրեն Համլետ Մաթեւոսյանի կարծիքով նման միջոցառումներ անցկացնելու ընձեռված հնարավորությունը պետք է միշտ օգտագործել։ Հակառակ դեպքում ապաշնորհ կլինենք։ «Ի վերջո դա գրականության համար չի, առաջին հերթին մեզ համար է, երեխաների համար է, եթե կզորենք դա անել»,- ասում է Մաթեւոսյանը։
Հանդիպման ավարտին ներկաները դիտեցին «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը։
Միջոցառման նախաձեռնությունը Թումանյանի համայնքապետարանինն էր։
«Փորձեցինք գրողի ծննդյան օրվան ընդառաջ կազմակերպել այս միջոցառումը, որպեսզի Ահնիձորում էլ վերականգնենք մշակութային կյանքը։ Բացի այդ՝ շատ կարեւոր է կապը պահել գյուղական բնակավայրերի եւ կենտրոնի հետ։ Հիմա այստեղ երիտասարդներ են համայնքի գրեթե բոլոր բնակավայրերից՝ Աթանից, Շամուտից, Մարցից, Լորուտից, Քարինջից, Դսեղից։ Սրանով չենք սահմանափակվելու։ Մեր համայնքում են երկու մեծ լոռեցիներ՝ Թումանյանը եւ Մաթեւոսյանը, եւ մենք ամեն ինչ անելու ենք նրանց կյանքի, գործունեության մասին մարդկանց ավելի շատ պատմելու, սերունդներին կրթելու համար»,- ասաց համայնքապետարանի ներկայացուցիչ Նանե Էվոյանը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։