Թուրքիան կամ Արեւմուտքն ամենեւին դեմ չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հանելու ռուսների տակից։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն երեկ հայտարարել է, որ «Թուրքիայի իշխանությունները ցանկանում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հանդիպումներ կազմակերպել Անկարայում եւ Երեւանում»։
Սա առնվազն տրամաբանական է։ Մոտենում է նաեւ ապրիլի 24-ը, եւ թուրքերը բնավ դեմ չեն ցույց տալու, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար ուղղակի որեւէ խոչընդոտ չկա։ Ցեղասպանությունն, ըստ թուրքերի, այլևս չի լինի սուր, որն աշխարհն անընդհատ ճոճում է իրենց գլխին։
Երկու օր առաջ Չավուշօղլուն եւ Բլինկենը հեռախոսազրույցում խոսել են «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման, նաեւ լրացուցիչ քայլերի մասին, որոնք ԱՄՆ-ը կարող է ձեռնարկել այդ ջանքերին աջակցելու համար»։ Թուրքերին իսկապես պետք է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, որովհետեւ նրանք մուտք են ունենում մի տարածք, որտեղ ինչ-որ չափով դեռ դրության տեր են ռուսները։
Թուրքիան ուզում է լուծել մի հարց՝ Հայաստանը չպետք է դառնա գործիք ռուսների ձեռքին։ Հայաստանին էլ է դա պետք՝ կարգավորված հարաբերությունները Թուրքիային ոչ միայն դարձնում են գործընկեր, այլեւ Հայաստանը դարձնում են բազմավեկտոր քաղաքական միավոր։ Ինչո՞ւ է Արեւմուտքը պնդում այս հարաբերությունների կարգավորումը։
Բոլորս էլ գիտեինք, որ վերջին 30 տարում Հայաստանը ռուսների «պրոտեժեն» էր տարածաշրջանում։ Այսինքն՝ ռուսների գլխավոր խաղացող լինելը «օրենքով» էր։ Կար 1921 թվականի Մոսկվայի, ապա Կարսի պայմանագիրը, որով 100 տարով Հայաստանի եւ Ադրբեջանի «նայողը» ռուսներն էին։ Այդ պայմանագրի ժամկետը լրացավ 2020-ին, իսկ ռուսները ոչ մի նոր բան չառաջարկեցին Արեւմուտքին։ Ուստի Թուրքիան մտավ։
Ռուսները դեռ չեն հրաժարվել Հայաստանն իրենց քաղաքական գերիշխանության տակ պահելու մտքից։ Իսկ Արեւմուտքն ասում է՝ դու քո ռազմավարական գործընկերոջը ոչնչով չօգնեցիր, հերիք չէ, պատերազմն էլ հրահրեցիր։ Պատերազմը հեշտացրեց Հայաստանի գործողությունները Ռուսաստանի տակից դուրս գալու խնդրում։ Ու այստեղ հայտնվում է Լուկաշենկոն, որն ասում է՝ Հայաստանը գնալու տեղ չունի։ Ալեքսանդր Գրիգորեւիչը մեր անունից չի խոսում։ Նա իր Թուրքիան չունի։ Բայց նա հասկացնում է, որ կարելի է Հայաստանում հասնել մի վիճակի, որ հայերն իրենց գլխից հանեն առանց Ռուսաստանի քաղաքական խաղացող դառնալու միտքը։ Սա գիտեն ե՛ւ թուրքերը, ե՛ւ Արեւմուտքը։ Նաեւ այս պատճառով է Չավուշօղլուն ասում՝ եկեք խոսենք առանց Մոսկվայի՝ Երեւանում եւ Անկարայում։
Հիմա հարցերի հարցն այն է, թե որն է սրա գինը մեզ համար հայ-ռուսական հարաբերություններում։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: