Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Վերջին տվյալներով հանրապետությունում կորոնավիրուսի հետեւանքով 1 օրում մահացել է 31 քաղաքացի։
Շիրակի մարզում, սակայն, այս պահին քովիդ բաժանմունքները դեռեւս չեն գործում։ Մարզի ամենամեծ բուժհաստատությունից՝ «Գյումրի» բժշկական կենտրոնից, տեղեկացնում են, որ ամեն օր հիվանդ են ուղարկում հանրապետության այն բուժհաստատություններ, որտեղ գործում են քովիդ բաժանմունքներ։ Հավանաբար մայրաքաղաքի եւ մարզի այլ բուժհաստատությունների ազատ մահճակալները սպառելուց հետո միայն Գյումրիում կբացվեն կորոնավիրուսով վարակված հիվանդներին ստացիոնար բուժծառայություն մատուցող բաժանմունքները։
Շիրակի մարզի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը տեղեկացնում է, որ մարզի պոլիկլինիկաներում այս պահին փաստացի բուժվում է 919 հիվանդ։ Բարձրացել է նմուշառումների դրական դեպքերի թիվը՝ հասնելով 60-70 տոկոսի։ Ոլորտի մարզային պատասխանատուն համավարակային իրավիճակը լարված, բայց կառավարելի է որակում։ Ասում է՝ կորը դեռեւս բարձրանում է։ «Ինչպես կանխատեսել էին մասնագետները, փորձը եւս ցույց տվեց, որ այս նոր՝ «Օմիկրոն» շտամով վարակվելու դեպքում հոսպիտալացման դեպքերը նվազել են։ Սակայն վտանգը չպետք է անտեսել»,- նշում է տիկին Ասլանյանն ու կոչ անում պահպանելու հակահամաճարակային կանոններն ու պատվաստվելու։ Մարզում այս պահին առաջին դեղաչափով պատվաստվել է 18 տարին լրացած քաղաքացիների 43, 2-րդ դեղաչափով՝ 35 տոկոսը։
Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արկադի Անդրիասյանն ասում է՝ պատվաստվողների թիվը խիստ նվազել է հունվար-փետրվարի համեմատ։
Եթե նոյեմբերին պոլիկլինիկայում օրական պատվաստում էին մինչեւ 200 քաղաքացու, վերջին մի քանի օրվա տվյալներով թիվը նվազել է՝ հասնելով 7-10-ի։
Թվերի նվազման մի քանի պատճառ է թվարկում բուժաշխատողը։ «Պետական ապարատի աշխատողները, որոնք պարտադիր պետք է պատվաստվեին կամ պարբերաբար ՊՇՌ թեստ հանձնեին, պատվաստվել են։ Աժմ մնացել են այն մարդիկ, որոնք կամավորության սկզբունքով են պատվաստվելու։ Պոլիկլինիկան աշխատանք է տանում, զրուցում ազգաբնակչության հետ, արդյունքը սակայն գոհացուցիչ չէ։ Բժիշկն ասում է՝ անգամ մարզի դպրոցներից մեկում հավաքել են ծնողական հանրույթին, փորձել բացատրել, համոզել, որ պատվաստվեն։ 200 հավաքվածներից, սակայն, գոնե մեկը չի պատվաստվել իրազեկման նպատակով անցկացված միջոցառման շրջանակում։
Պատվաստման թվի նվազման պատճառներց մեկն էլ սուր շնչառական վարակի ահագնացումն են համարում։ Հավանաբար մարդիկ սպասում են կազդուրվեն, որից հետո միայն կպատվաստվեն»։
Պոլիկլինիկայում, սակայն, այս պահին «Սպուտնիկ V» առաջին պատվաստման պատվաստանյութ չունեն։ Պահանջարկը բարձրացել է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների թվի աճին զուգահեռ։ Հույս ունեն՝ մոտ օրերս պատվաստանյութը կստանան։
Շիրակի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը տեղեկացնում է, որ մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների 93 տոկոսն արդեն պատվաստված է։
Մարզի դպրոցներում ընդհանուր բացակայությունները 12 տոկոսի են հասնում, որի մոտավորապես 8 տոկոսն է պայմանավորված քովիդի հաստատված դեպքերով։ Կրթության վարչությունից ցուցանիշը վերահսկելի են համարում։
Վերահսկողության տակ պահել չի հաջողվել միայն Մայիսյանի միջնակարգ դպրոցի համաճարակային իրավիճակը։ Քովիդով վարակված են անձնակազմի 10 տոկոսից ավելին, ինչը պատճառ է դարձել, որ դպրոցն անցնի հեռավար դասերի։
Մարզի այլ դպրոցները կփակվեն միայն այն դեպքում, երբ քովիդով վարակված լինելու հաստատված դեպքերի թիվը կանցնի 10 տոկոսը։
Ի դեպ, հունվարի 22-ից ուժի մեջ մտած որոշումը, ըստ որի՝ հանրային վայրեր կկարողանան այցելել միայն պատվաստված կամ քովիդ թեստի բացասական արդյունք ներկայացնող քաղաքացիները, պատվաստվելու համար պոլիկլինիկաներ դիմողների հոսք չապահովեց։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։