Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը NBC News-ի եթերում հայտարարել է, որ ամերիկյան զորքեր ուղարկելը Ուկրաինա կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի։
Ըստ բրիտանական BBC-ի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքելու երկիրը եւ նախազգուշացրել Մոսկվայի հետ հնարավոր մեծ հակամարտության մասին:
«Մենք գործ ունենք աշխարհի ամենամեծ բանակներից մեկի հետ։ Սա բոլորովին այլ իրավիճակ է, եւ ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել»,- ասել է նախագահը` նկատի ունենալով ՌԴ զինված ուժերին։
«Երբ ամերիկացիներն ու ռուսները սկսեն կրակել միմյանց վրա, մենք կհայտնվենք բոլորովին այլ աշխարհում»
ԱՄՆ նախագահը միաժամանակ հայատարարել է, որ ոչ մի դեպքում զորք չի ուղարկի Ուկրաինա, նույնիսկ ռուսների ներխուժման դեպքում ամերիկացիներին փրկելու համար։ Նա շեշտել է, որ դա կվերաճի համաշխարհային պատերազմի։
«Երբ ամերիկացիներն ու ռուսները սկսեն կրակել միմյանց վրա, մենք կհայտնվենք բոլորովին այլ աշխարհում»,- զգուշացրել է ԱՄՆ նախագահը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ավելի վաղ ասել էր, որ Եվրոպան բախվել է վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծ անվտանգության ճգնաժամին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այդ լարվածության պայմաններում: