Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ձեւավորել է նոր Սահմանադրության Հայեցակարգի մշակման աշխատանքային խումբ, որին այդ սկզբունքային նշանակության փաստաթղթի ներկայացման համար տրված է եռամսյա ժամկետ։ Ի՞նչ կունենանք արդյունքում, կունենա՞նք, թե ո՞չ, կգրվի՞ նոր սահմանադրություն, կընդունվի՞ հանրաքվեով եւ «կյանքի ուղեգիր կստանա՞»՝ ոչ ոք այս պահին վստահաբար ո’չ հաստատել կարող է, ո’չ հերքել։
Բայց դա չի խանգարում, որ երեւանյան որոշ լրատվամիջոցներ «նախագահացուների շնորհանդես» կազմակերպեն։ Դա չափազանց վտանգավոր է՝ լրագրողական «անլրջություն» կոչվելու համար, որովհետեւ բացահայտվող անունները որեւէ քաղաքական հետագիծ չունեն։ Եվ հասկացվում է, որ խոսքը ոչ թե պետական-քաղաքական համակարգի առողջացման, նոր մտածողության, արժեհամակարգի եւ պատասխանատու իշխանության ձեւավորման, այլ «դեկորացիայի» փոփոխությայն մասին է ընդամենը։
Ստեփանակերտը հերթական անգամ «կրակի հետ է խաղում»։ Ազգային ժողովում շրջանառվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծ, որը չի ունենալու իրավա-կիրառական որեւէ հետեւանք, բայց աղմուկը մեծ է լինելու, որովհետեւ սահմանում է, որ 1994-ի հրադադարի դրությամբ բոլոր տարածքները Արցախի իրավազորության ներքո են։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ստեփանակերտում սպասել եւ միաժամանակ նման օրենք ընդունել՝ միայն մի բան է նշանակում՝ միջնորդներին լեգիտիմ հիմք տալ, որպեսզի նրանք Արցախի հետ չհաղորդակցվեն։ Ոչ ոք ժամանակ եւ գլուխ չունի Քարվաճառի, Քաշաթաղի եւ այլ տարածքների նկատմամբ «պատմական իրավունքների» մասին քնարական մտորումներ լսելու այն դեպքում, երբ նախապատերազմական քառորդդարյա բանակցություններում դրանք միշտ դիտարկվել են որպես «օկուպացված եւ առանց նախապայմանների Ադրբեջանին վերադարձման ենթակա»։
Եվ հազիվ թե Ստեփանակերտում դա չեն հասկանում։ (Այլապես պիտի ընդունենք, որ Արցախում այդպես էլ ադեկվատ քաղաքական դաս չի ձեւավորվել, եւ պատերազմն անգամ դաս չէ)։ Ավելի տրամաբանական է թվում, որ Ստեփանակերտը պարզապես «անհարմարություն է ստեղծում» Հայաստանի օրվա իշխանությունների համար։ Ընդ որում, տպավորություն է, որ դա «մահապարտի դեր» է․ այն, ինչ պրագմատիկ քաղաքականության պարտադրանքով իրեն թույլ չի տալիս բարձրաձայնել Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը, խոսում է, մասնավորապես, Արցախի արտաքին գործերի նախարարը։ Ուշադրություն դարձնենք, թե վերջին հարցազրույցում նա ինչ է ասում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կարող է կնքվել միայն «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումից հետո»։ Ընդ որում՝ «մեզ համար ընդունելին այն է, որ Ադրբեջանը փաստի, հասկանա եւ իրավական ուժ տա այն մոտեցմանը, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»։
Երբ յոթ շրջան եւ նախկին ԼՂԻՄ-ի գրեթե ամբողջ տարածքը հայկական վերահսկողության տակ էին, ունեինք պաշտպանության կայուն գիծ եւ բավական նպաստավոր բանակցային դիրքեր, Ադրբեջանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի կորստի, այլեւ անգամ վերջնական կարգավիճակը հանրաքվեով որոշելու առաջարկության հետ չհաշտվեց, հնարավոր եւ անհնարին ամեն ինչ արեց, որ լուծումը տեղի չունենա, ժամանակ շահեց եւ ի վերջո պատերազմ սանձազերծեց։
Այսօր, ուժերի հարաբերակցության եւ աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի ի վնաս մեզ կտրուկ փոփոխվածության պայմաններում Ադրբեջանն ինչո՞ւ պիտի «փաստի, հասկանա եւ իրավական ուժ տա» Լեռնային Ղարաբաղը «կորցրած լինելու» ստեփանակերտյան պահանջին։
Արցախի արտգործնախարարը նորելուկ չէ, կարիերան սկսել է ԱԳՆ-ում, տասներեք տարի գլխավորել նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը, մասնակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Բակո Սահակյանի տասնյակ հանդիպումների եւ գերազանց գիտի, որ ոչ միայն Ադրբեջանը, այլեւ միջնորդ երկրները, ԵԱՀԿ-ն եւ միջազգային բոլոր կառույցները, եթե նրանց ներկայացվի իր կողմից ձեւակերպվող մոտեցումը, առնվազն կզարմանան, բայց հետեւողականորեն կրկնում է նույնը՝ երբեմն «մինչեւ առաստաղ բարձրացնելով նշաձողը», երբեմն բավարարվելով «դիվանագիտական» այլասացությամբ։
Ի վերջո, նա այսպիսի հռետորական հարցադրում է անում․ «Ենթադրենք այդ (Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության- Վ․Ա․) պայմանագիրը ստորագրեցինք, իսկ հետո Ադրբեջանը նոր ագրեսիայի դիմեց Արցախի դեմ, ի՞նչ է լինելու»։
Իսկ պայմանագրի չստորագրումը հանո՞ւմ է այդ սպառնալիքը, թե՞ ավելի է առարկայական դարձնում։ Իսկ եթե պայմանագիրը չենք ստորագրում, եւ Ադրբեջանը (աշխարհաքաղաքական ներկա տուրբուլենտությունը նման հավանականությունը չի բացառում) ագրեսիայի է դիմում արդեն Հայաստանի դեմ, ի՞նչ է լինելու։
Տերյանի ասած՝ «ո՞վ է պաշտպան երկրին իմ»։ Ոչ ոք։ Ագրեսիայից հետո, իհարկե, կմիջամտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, այս անգամ էլ կընդունի Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան դատապարտող բանաձեւ (եր), բայց ի՞նչ երաշխիք, որ Բաքուն անմիջապես կենթարկվի։ (Քառորդ դար մենք չենք կատարել, չէ՞, նույն ՄԱԿ-ի նույն ԱԽ-ի ընդունած չորս բանաձեւերի պահանջները)։ Ինչ-որ ժամանակ, գուցե՝ 2050-ականների մի տարում, Ադրբեջանը կհեռացնի օկուպացիոն զորքերը, բայց խաղաղության ավելի ծանր պայմաններով պայմանագիր Հայաստանին պարտադրելուց հետո։
Իսկ այդ ժամանակ Արցախ եւ ԼՂ հարց պարզապես չի լինի։ Կրկնեմ՝ Ստեփանակերտը «կրակի հետ է խաղում»։ Եվ նոր սահմանադրության հայեցակարգ մշակելուց առաջ այստեղ «հրդեհաշիջման» հարց պետք է լուծվի։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։