Ըստ The New York Times-ի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է ամերիկյան բանկերում պահվող Աֆղանստանի Կենտրոնական բանկի բոլոր ակտիվները՝ 7 միլիարդ դոլարը, հանձնել Վաշինգտոնի տնօրինմանը։
Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տունը նախատեսում է 3,5 միլիարդ դոլարը տրամադրել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին ու հարազատներին, իսկ մյուս կեսը ծախսել Աֆղանստանին նախատեսված մարդասիրական օգնության վրա։
Նման միջոցառմամբ Վաշինգտոնը մտադիր է լուծել Աֆղանստանում 20-ամյա պատերազմի ավարտին առնչվող իրավական, քաղաքական, արտաքին քաղաքական եւ հումանիտար խնդիրների խճճված հանգույցը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ աֆղանստանցիների շահերից չի բխում թալիբներին ուղղակի ֆինանսավորելը։ Ըստ Սալիվանի՝ Սպիտակ տունը մտադիր է օգնությունն Աֆղանստանին ուղղել անկախ անհատների եւ կազմակերպությունների միջոցով: