Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տեղեկատվական հարթակում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր լայնածավալ պատերազմի մասին չափազանց շատ տեղեկություն է կուտակվել։ Զելենսկին սպառնալիքները չի բացառել, սակայն նա փաստացի ապացույցներ է պահանջել, որ Ռուսաստանը փետրվարի16-ին ներխուժելու է Ուկրաինա:
Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ Կիեւը լարվածության թուլացման միակ ճանապարհ է համարում դիվանագիտությունը, միաժամանակ կարեւորում է ԱՄՆ-ի եւ դաշնակիցների տեղեկությունները:
«Ի գիտություն ենք ընդունում այս ամբողջ տեղեկատվությունը, երախտապարտ ենք դրա համար, բայց պետք է հստակ վերլուծենք այն… Մինչ այժմ Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմ չկա»,- ասել է Զելենսկին:
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ իրենց հետախուզությունը լավ է աշխատում, եւ Կիեւը պատրաստ է իրադարձություննեի զարգացման ցանկացած սցենարի։
Ուրբաթ PBS հեռուստաընկերության լրագրող Նիք Շիֆրինը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ըստ ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյայի՝ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ կսկսի լայնածավալ հարձակումն Ուկրաինայի վրա: Նույն օրը ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ PBS հեռուստաընկերության տեղեկությունները չեն արտացոլում տվյալները, որոնց տիրապետում է ԱՄՆ վարչակազմը:
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դաշնակից երկրների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը հավանաբար Ուկրաինա կներխուժի փետրվարի16-ին: