Ռուսական «Էխո Մոսկվի» պարբերականը գրում է, որ Բելառուսը, անվտանգ երկրների՝ Numbeo ընկերության կազմած վարկանիշային աղյուսակում նախկինում Խորվաթիայի եւ Դանիայի միջեւ զբաղեցրած 16-րդ հորիզոնականից հասել է 114-րդ հորիզոնական: Աղյուսակում առաջինը Քաթարն է, վերջին՝ 129-րդ հորիզոնականում՝ Վենեսուելան:
Վեց ամիս շարունակ Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող բողոքի խաղաղ ցույցերի ժամանակ հինգ մարդ է զոհվել, բանտերում հայտնվել 150 քաղբանտարկյալ, տասը մարդ ստացել է հրազենային վիրավորում, 482-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Քաղաքական ճգնաժամի այս պայմաններում, երբ Մինսկը (Ռիգայի հետ համատեղ) պատրաստվում է իր հարկի տակ մայիսի 21-ից հունիսի 6-ն անցկացնել Հոկեյի աշխարհի առաջնությունը, դրա հովանավորությունից հրաժարվել է հերթական խոշոր ընկերությունը՝ շարժիչի յուղ արտադրող գերմանական Liqui Moly-ին՝ իր քայլը բացատրելով ընկերության որդեգրած արժեքային համակարգին՝ Բելառուսի քաղաքականության հակասումով:
Նախօրեին հովանավորությունից հրաժարվել էին դիմահարդարանք արտադրող Nivea Men-ն ու առաջնության ավելի քան 28 տարվա պաշտոնական հովանավոր՝ չեխական Skoda ընկերությունը:
Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռընե Ֆազելը հայտարարել է, որ այդ որոշումից քաղաքական ճնշումների հոտ է գալիս:
Մինչեւ նյութը կհրապարկվեր, Հոկեյի միջազգային խորհուրդի պաշտոնական կայքում հայտնվեց հետեւյալ սեղմ, բայց պերճախոս հայտարարությունը. «Հոկեյի աշխարհի առաջնությունը Մինսկում չի լինի»: