Խաղամոլությունը, ինչպես հարբեցողությունը, հիվանդության տեսակ է, որը պահանջում է ուշադրություն, հոգատարություն, երբեմն՝ երկարատեւ բուժում: Կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում այս «վիրուսով» ախտահարված քաղաքացիներին ինչ-որ չափով օգնելու համար: Խորհրդարանը քննարկում է կառավարության ներկայացրած «Գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու» նախագիծը, որով առաջարկվում է արգելել շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը: Արգելքը տարածվելու է ռադիոյի, հեռուստատեսության եւ համացանցի վրա:
Պրակտիկ հոգեբան Աննա Բադալյանը կարծում է, որ խաղամոլության դեմ պայքարում գովազդի արգելքը արդյունավետ միջոցներից մեկն է: «Այսօր այդ գովազդը տեսնում է երեխան, ինչի հետեւանքով որոշակի պահանջմունքներ կարող է ունենալ: Անչափահասը կսկսի հետաքրքրվել նման երեւույթներով ու հետո դա կդարձնի իր վարքի դրսեւորման ձեւ: Շատ լավ որոշում է գովազդի արգելքը, որովհետեւ100-ից 60 տոկոսով այդ վտանգը կկանխարգելվի:
Իսկ ինչ վերաբերում է խաղամոլներին, նրանց մի տեսակն արդեն մոլի խաղացող է, իսկ մյուս տեսակն աշխատում է, պայքարում է դրա դեմ, ու եթե գովազդը չլինի, նրանց տեսողական ընկալումն այդ առումով կնվազի, ու էմոցիաներն այլեւս չեն բարձրանա»,- բացատրում է նա:
Հոգեբանը կարծում է, որ խաղամոլության դեմ պայքարի արդյունավետ միջոցներից է նաեւ սոցիալական գովազդը, որովհետեւ շահումով խաղերի հաճախակի գովազդը աչքը «քարկոծում» է ու շատերի մեջ հետաքրքրություն է առաջացնում, իսկ սոցիալական գովազդը հիշեցնում է դրա հետեւանքների մասին:
Մեզ հետ զրույցում մի քանի երիտասարդներ նշեցին, որ իրենց խաղամոլության դրդել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, եւշահումով խաղերը, իսկապես, ընկալել են որպես հարստանալու միջոց, սակայն հոգեբանը կարծում է, որ ֆինանսապես ապահովված մարդը չի գնա խաղալու, ապահովված մարդիկ են ընկնում այդ թակարդը, իսկ խաղալը անձնային խնդիրների դրսեւորման հետեւանքն է, ոչ թե երկրի սոցիալ-տնտեսական վիճակի:
Խաղամոլության դեմ պայքարում Բադալյանն ամենից արդյունավետ է համարում մասնագետի՝ հոգեբանի հետ աշխատելը, որովհետեւ խաղամոլությունը մարդու ներքին խնդիրների հետեւանքն է:
Ասում են, ինչպես ծխախոտն ու ալկոհոլը, այնպես էլ խաղամոլությունը չափավոր օգտագործման դեպքում անվնաս են, սակայն հոգեբանը պնդում է, որ հենց սկզբից էլ ոգեւորվածությամբ կարելի է խրվել այդ ամենի մեջ:
Չնայած բոլոր դրական միտումներին՝ այս փոփոխությունները խնդիրներ են ստեղծում այն լրատվականների համար, որոնք սնվում են շահումով խաղերի գովազդներից գոյացած միջոցներով:
Մեդիափորձագետ Արթուր Պապյանն ասում է, որ նմանօրինակ դեպքեր նախկինում էլ ենք ունեցել, երբ, օրինակ՝ արգելվեց ալկոհոլի գովազդը, եւ այդ ազատված տարածքը արագությամբ լրացվեց այլ միջոցներով։ Նույնն էլ այս դեպքում. բնական է, որ այդ տարածքը դատարկ չի մնալու եւ լցվելու է այլ գովազդով։ Նա նշում է, որ մրցունակ լրատվամիջոցներում գովազդի եւ մարքեթինգի բաժինը զգալի դերակատարություն է ունենում, ստեղծվում են այլընտրանքային մեդիա-պրոդուկտներ, գովազդային հրապարակումներ, հովանավորվող բաժիններ լրատվամիջոցներում, բաժանորդագրություն եւայլն։
Մինչդեռ Հայաստանում լրատվական արտադրանքը մոնետիզացնելու ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկող հատուկենտ խմբագրություններ կան, իսկ մյուսները հաճախ նույնիսկ մարքեթինգի ու գովազդի հարցերով զբաղվող առանձին հաստիք չունեն։ Հետեւաբար զարմանալի չէ, որ մեր լրատվամիջոցները ողջ գովազդային շուկան առանց պայքարի զիջում են Ֆեյսբուքին, Գուգլին եւ մնացել են շահումով խաղերի գովազդի հույսին։
«Հանուն արդարության պետք է փաստենք, որ Ֆեյսբուքի եւ Գուգլի հետ մրցակցելն էլ գրեթե անհնար է, եւ այս պայմաններում Հայաստանի կառավարությունը նախ պետք է մտածի այդ հսկայական հարթակներից եկող մրցակցությունը մեղմելու, չեզոքացնելու մասին, հետո միայն հայկական լրատվամիջոցներին զրկի եկամտի հատուկենտ աղբյուրներից։ Դա անելու համար, օրինակ, պետք է հարկել գովազդը Ֆեյսբուքում, Գուգլում, որպեսզի չստացվի, որ հայկական լրատվամիջոցները գովազդի գնի մեջ ստիպված մտցնում են հարկերը, իսկ օտարերկրյա հարթակները, հերիք չէ, որ հսկայական ռեսուրսներ ունեն, դեռ մի բան էլ արտոնյալ պայմաններով են գովազդ վաճառում»,- ասում է Պապյանը։
Սակայն միջազգային փորձի ամենամակերեսային հետազոտությունն անգամ ցույց է տալիս, որ վիճակախաղերի (տոտալիզատորների) եւ ինտերնետ շահումով խաղերի գովազդը չի արգելվում այն երկրների բացարձակ մեծամասնությունում, որտեղ դրանք կազմակերպելու գործունեությունը թույլատրված է օրենքով։ Այսինքն՝ եթե տվյալ երկրում թույլատրվում է կազմակերպել, օրինակ, առցանց կազինո խաղեր, ապա գովազդել այդ նույն խաղերը նույնպես թույլատրվում է։
Օրինակ՝ Ռուսաստանում առկա են համացանցով գովազդի հստակ եւ մասնակի սահմանափակումներ, այն է՝ գովազդի թույլտվություն միայն մարզական տեղեկատվության տրամադրմամբ մասնագիտացած կայքերում: Իսկ Գերմանիայում կա նաեւ վիրտուալ սլոթերի, առցանց կազինոյի եւ առցանց պոկերի գովազդի արգելք ժամը 18:00-21:00-ը: Արեւմուտքի մի շարք երկրներում էլ առկա են հեռուստատեսությամբ կամ ռադիոյով գովազդի սահմանափակումներ միայն որոշակի ժամերի համար:
Եզրափակելով ասենք, որ կառավարության ներկայացրած այս օրինագիծը դեռ կարող է փոփոխությունների ենթարկվել: