Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին Մոսկվա ժամանելուն պես ձերբակալեցին: Ամիսներ շարունակ Գերմանիայում նա բուժվում էր թունավորումից՝ իր հետ պատահածի համար մեղադրելով Ռուսաստանի իշխանություններին:
Պուտինի գլխավոր հակառակորդի ձերբակալությունն առաջացրեց միջազգային հանրության բուռն վրդովմունքը։ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը Մոսկվային կոչ արեցին ազատ արձակել ընդդիմադիր գործչին:
Նավալնիի ձերբակալության պաշտոնական պատճառն այն է, որ նա խախտել է այսպես կոչված «Իվ Ռոշեի» գործով փորձաշրջան անցնելու պարտավորությունները: Ինքը, սակայն, պնդում է, որ չի խախտել կանոնները եւ համապատասխան ծառայությանը տեղեկացրել է, որ արտերկրում է բուժման նպատակով:
Նավալնիի շուրջ ծավալված քննարկումից զերծ չեն մնացել նաեւ Վրաստանում, սակայն ի տարբերություն այլ երկրների՝ այստեղ նրան այդքան էլ չեն սիրում:
Ինչո՞ւ:
2008 թվականի օգոստոսին՝ ռուս-վրացական պատերազմի օրերին, Նավալնին իր բլոգում հակավրացական գրառումներ է արել: Իսկ Վրաստանում լավ են հիշում իրենց դեմ օգտագործված ամեն մի բառ:
Հատված Ալեքսեյ Նավալնիի բլոգից, որը գրվել է 2008-ի օգոստոսի 8-ին.
«Ռուսաստանը պետք է ձեռնարկի հետեւյալ քայլերը (առնվազն).
1. Ցուցաբերել լուրջ ռազմական եւ ֆինանսական օգնություն Հարավային Օսիային եւ Աբխազիային (այնքանով, որքանով Աբխազիան պատրաստ է պատերազմի Հարավային Օսիայում):
2. Հայտարարել Հարավային Օսիայի օդային տարածքը փակ գոտի եւ անմիջապես խոցել այս գոտում հայտնված բոլոր ինքնաթիռները:
3. Հայտարարել Վրաստանի ամբողջական շրջափակում: Դադարեցնել ցանկացած հարաբերություն նրա հետ:
4. Վտարել Ռուսաստանի Դաշնության սահմաններից Վրաստանի բոլոր քաղաքացիներին:
Ապագայում մենք պետք է գործենք ըստ իրավիճակի, միեւնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ ուզում ենք հրթիռ արձակել «կրծողների» գլխավոր շտաբի ուղղությամբ (грызуны – Նավալնին այսպես է կոչել վրացիներին), հենց սրան են «սպասում կրծողները»»:
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։