Օրերս Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր օտարերկրյա լրտեսական ցանցի հայտնաբերման մասին: Հայաստանի բանակում ծառայող զինվորականների հետ կապ էին հաստատել «կանացի» ֆեյք էջերով, այնուհետեւ հավանաբար շանտաժով եւ գումարի դիմաց ստացել անհրաժեշտ տեղեկությունը:
Հայկական Ֆեյսբուքի մտածող մասսան փորձում էր դավաճանության զանգվածային նման դրսեւորման խորքային պատճառների իր վարկածներն առաջարկել՝ մեդիաանգրագիտությունից մինչեւ սեռական կյանքի անազատություն, բարդույթներ եւ կարծրատիպեր, ինչն էլ ստիպել էր այդ զինվորականներին հեշտությամբ ընկնել իրենց համար սարքված թակարդը՝ ազատություն տալու իրենց սեռական ճնշված ցանկություններին, եւ բացահայտվելու վախից տրվել բոլոր սպառնալիքներին եւ բավարարել պահանջները:
Սրանք թերեւս ճշմարտություններ են եւ իրենց դերն ունեցել են դավաճանության «ակտի» կայացման մեջ: Բայց կա ավելի էական հանգամանք, որի մասին չի խոսվում: Իսկ այդ հանգամանքը պետականության զգացումի բացակայությունն է, անկախ պետականության գաղափարի չյուրացումը Հայաստանի շարքային քաղաքացու, այդ թվում՝ այս գործով բացահայտված անձանց շրջանակում:
Նրանց ընկալմամբ Հայաստանը ոչ թե անկախ պետություն է, որի բանակի ծառայող լինելը մեծագույն պատասխանատվություն եւ պատիվ է, այլ մի տարածք, որն իրականում կառավարվում է դրսի ուժերի, միգուցե ռուսների, միգուցե Արեւմուտքի կողմից, եւ որում բոլորը վերից վար զբաղված են իրենց փայը փախցնելով:
20 տարի շարունակ նրանք տեսել են, որ բոլորը՝ նախագահ, նախարար, մարզպետ, գյուղապետ, բանակի գեներալ, մանկապարտեզի տնօրեն, բացառապես բոլորը զբաղված են իրենց փայը փախցնելով, հանրային ռեսուրսը սեփականացնելով, պետական հարստությունը իրենց տուն տանելով:
Այս ամենն ուղեկցվել է առաջին պատերազմի հաղթանակն արժեզրկող, անկախության պայքարը, Ղարաբաղյան շարժումը վարկաբեկող զզվելի քարոզչությամբ, սեփական ուժերի, սեփական արածի հանդեպ քամահրական վերաբերմունքով, բոլոր հաղթանակների ու ձեռքբերումների համար կոնսպիրոլոգիական միֆերի հորինմամբ, ցանկացած հաջողություն արտաքին ուժերին վերագրելու, իսկ ցանկացած անհաջողություն կամ անիրատեսական բարձունքներին կամ այսպես կոչված «դարավոր ազգային երազանքերին» չհասնելը «բացատրվել» այս կամ այն ղեկավարի, կուսակցության կամ որևէ խմբի «ապազգային կամ դավաճան» լինելով:
Եթե մենք հաղթել ենք պատերազմը՝ իրականում մենք չենք հաղթել, ռուսներն են մեր տեղը հաղթել։ Եթե մենք կորցրել ենք Շահումյանը կամ Արծվաշենը՝ դա մեր պետության ղեկավարների դավաճանության արդյունքն է: Անկախությունը մենք չենք նվաճել մեր տարիների համառ մաքառումով, այլ ընկել է մեր գլխին. ամերիկացիները եկան քանդեցին Սովետը, ու մենք անկախացանք մեր կամքից անկախ: Ղարաբաղ կոմիտեն ոչ թե մեր պետության հիմնադիր հայրերն են, այլ ԿԳԲ-ի գործակալներ, նրանց ստեղծած պետությունն էլ ոչ թե ազգային պետություն է, այլ ռուսական գուբերնիա:
Սրանք մի քանի օրինակներ են այն հիմար միֆերի, որոնցով 20 տարի շարունակ ամենուր կերակրել են հայ հասարակությանը, եւ սրանից հետո կարո՞ղ էր պետականության զգացողություն մնալ հայ մարդու մեջ:
Ուրեմն ակամա անկախություն ենք ստացել, ակամա էլ կկորցնենք, իսկ քանի դեռ կա այս տարածքը, եւ բոլորը՝ գյուղապետից մինչեւ նախագահ, զբաղված են իրենց փայը տանելով, ումի՞ց ենք մենք պակաս, որ մենք մերը չտանենք: Մի երկիր, որի ո՛չ անկախությունն ենք մենք որոշում, ո՛չ ինքնիշխանությունը, ո՛չ հաղթանակը, ո՛չ պարտությունը, որտեղ ամեն ինչ թալանվում է, ամեն ինչ եւ ամեն կողմից յուրացվում, սեփականացվում, գրպանվում, էլ ի՞նչ տարբերություն՝ էս դիրքի նկարը ում ենք ուղարկում, միեւնույնն է, ամեն ինչ արդեն մեր փոխարեն վճռված է:
Կրթությամբ տնտեսագետ, հետաքրքրվում եմ քաղաքագիտությամբ, փիլիսոփայությամբ եւ պատմությամբ: Հիմնադրել եմ քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական կազմակերպություններ, որոնց հիմքում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հավատամքն է: