Թուրքիայի նախկին վարչապետ Ահմետ Դավութօղլուն Twitter-ի իր էջում գրառում է արել, ըստ որի՝ նախագահ Էրդողանին սպառնում է հեռացում իշխանությունից՝ 1997-ի փետրվարի «թավշյա («պոստմոդեռնիստական») հեղաշրջման» համար պատասխանատու ուժերի ազդեցությամբ:
Ինչպես հիշեցնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, 1997-ի փետրվարին թուրք զորապետները Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի սկզբունքներով՝ մասնավորապես աշխարհիկ բնույթի պետության պահպանումը երաշխավորող, հուշագիր էին հրապարակել, որը Թուրքիայի՝ այդ ժամանակվա իսլամամետ վարչապետ Նեջմեթթին Էրբաքանը ճարահատյալ ստորագրել էր եւ դրանից չորս ամիս անց պաշտոնանակ եղել։ Քաղաքական հետապնդումներն անդրադարձել էին նաեւ Էրբաքանի կուսակից, Ստամբուլի այն ժամանակվա քաղաքապետ եւ ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա:
Դավութօղլու խոսքով՝ «Էրդողանը գործում է 1997-ին հեղաշրջում իրականացրած ուժերի ազդեցության ներքո: Դա FЕТО-ի (Անկարայում այդպես են անվանում իսլամական քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի ընդդնիմադիր կազմակերպությունը) մարտավարությունն է: Էրդողանը միայն առերեւույթ է երկիրը կառավարում: Այդ ուժերը օգտագործում են Էրդողանի իշխանությունը եւ մտադիր են հաջորդ փուլում հեռացնել նրան՝ կառավարման ղեկը վերցնելով իրենց ձեռքը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը մեղադրում են 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակեպելու համար: Խռովությունից հետո Թուրքիայում ձերբակալվեց ավելի քան 80 մարդ, ավելի քան 160 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորական հեռացվեցին պաշտոններից: Ինքը՝ Ֆեթհուլահ Գյուլենը, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում, դատապարտել էր հեղաշրջման փորձն ու հերքել իր դեմ ուղղված մեղադրանքները:
Նախկին արտգործնախարար եւ նախկին վարչապետ, Ստամբուլի Բեյքենթ համալսարանի պրոֆեսոր Ահմետ Դավութօղլուն, որի արտաքին քաղաքականությանն առնչվող գրքերը թարգմանվել են ճապոներեն, պորտուգալերեն, արաբերեն, պարսկերեն եւ այլ լեզուներով, 2019-ին ստեղծեց Ապագայի կուսակցությունը, որն իր առաջնահերթություններից է հռչակել խորհրդարանական կառավարմանը վերադարձի համար պայքարը, աշխարհիկությունն ու Աթաթուրքի սկզբունքների հանդեպ հարգանքը: