Սուսաննա Քոչարյանն ամուսնու հետ հոկտեմբերին է դուրս եկել Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից, որը մինչ պատերազմը հեռանկարային էր, երիտասարդ շատ ընտանիքներ էին գյուղում տներ կառուցում: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ համայնքում հաշվառված էր 337 ընտանիք, որի կեսն այսօր անօթեւան է:
Գյուղը պատերազմի հետեւանքով երկու մասի է բաժանվել. Թաղավարդ «Կալեր»-ում հայերն են, Վերին Թաղավարդում՝ ադրբեջանական ուժերը:
Տուն-տեղ կորցրած ամուսինները ժամանակավոր ապաստան են գտել Երեւանի կենտրոնում գտնվող «Էնվոյ հոսթելում»: Սննդամթերքի ծախսերը հյուրատունն է հոգում:
Բոլորովին վերջերս Թաղավարդը Ադրբեջանին անցած գյուղերի ցանկում էր, ինչի շնորհիվ հասանելի էին սոցիալական մի շարք ծրագրեր ու անվճար դեղորայք:
«Մեր գյուղի անունը հիմա ցանկից հանել են, մեր ջահելները Ստեփանակերտ էին գնացել՝ բողոքելու, թե ինչու էին ցանկից հանել, պատճառաբանում են, թե գյուղապետարանը հայերի ձեռքում է, դրոշը գյուղապետարանի վրա է»:
Բնակավայրը կորցրած արցախցիներին պետությունը 300000-ական դրամի միանվագ աջակցություն է տրամադրում, տիկին Սուսաննայի՝ հասանելիք գումարը ստանալու բազմաթիվ առցանց հարցումները մերժվել են պատճառաբանությամբ, թե Թաղավարդը հայկական է: Այն վերջերս սահմանամերձ գյուղի կարգավիճակ է ստացել:
Թե ինչպես պետք է լուծվի կացարանի հարցը, երբ թաղավարդցիների մի մասը զրկված է տնից, բայց գյուղը փաստացի հայկական է համարվում, գյուղապետարանը հստակ պատասխան չի տալիս, Արցախի կառավարության օպերատիվ շտաբում եւս Թաղավարդ գյուղի անունը ցուցակից հանված է:
«Ասում եմ՝ բա որ ոչ մի բանից չենք օգտվում, մի օր գալու են ասեն՝ ձեր գյուղը հայերի ձեռքում է, գնացեք ձեր տուն, ասում են՝ գնա սոցապ, իրավիճակը ներկայացրու: Գոնե փախստականի թուղթ տային: Գնացել եմ Արցախի օպերատիվ շտաբ, ասում են ձեր գյուղապետի ու վարչակազմի ղեկավարի սխալն է», -ասում է Սուսաննա Քոչարյանը:
«Գյուղապետին զանգել եմ, ասում եմ՝ դա ինչ հաշիվ է, ասում եմ՝ ներկայացրել ես, լավ ես արել, որ գյուղը մերն է, վաղը ես երեք ուսանող աղջիկներիս վերցնեմ գամ, կարո՞ղ ես տեղավորել իմ տան մեջ, ասում է՝ չէ՛, ո՞նց տընիմ, ասում ա՝ էդ ես չեմ արել, Փաշինյանն ա արել, գնա Փաշինյանին բողոքի, ասում եմ՝ եթե ես պիտի գնամ Փաշինյանին բողոքեմ, դո՞ւ ով ես էդտեղ նստած, գյուղապետ պահում ենք՝ հի՞նչ անինք»,-վրդովված ասում է Սլավիկ Քոչարյանը:
Նույն իրավիճակում են նաեւ այստեղ ապաստանած բերձորցիները: Տիկին Հասմիկը Բերձորի առաջին բնակիչներից էր, Երեւանում տունը կորցնելուց հետո է տեղափոխվել, այնտեղ վերսկսել կյանքը: Հուսալքված, պետությունից ոչ մի ակնկալիք չունեցող ընտանիքը Հայաստանում, առավել եւս Արցախում չի պատկերացնում իր ապագան:
«Մեր տանից քսան մետր հեռավորության վրա թուրքական դրոշ է բարձրացված, Բերձորի միջով թուրք զինվորների շարասյունն է անցնում, ասում են՝ գնացեք ապրեք, ասողը ինքը թող գնա մի օր իր ընտանիքի, իր մեծ ու փոքր երեխաների հետ ապրի: Որտե՞ղ եք տեսել երկու դրոշ մի տեղում, ու խաղաղություն լինի»:
Տիկին Սվետլանան Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքից է, տունը հրթիռակոծությունից ավերվել է: Ամեն օր անհայտ կորած թոռան մասին լուրերի է սպասում, հիմա մյուս թոռներին է խնամում, որդիներն ու հարսները Արցախում որոնում են տղային, երկու ամիս է՝ բախում են բոլոր համապատասխան կառույցների դռները զինվորի մասին որեւէ լուր ստանալու ակնկալիքով: «Հոկտեմբերի 10-ին զանգել, ասել է, որ վիրավոր է, մինչ օրս տեղեկություն չունենք: Միայն թե թոռս գտնվի, ուրիշ ոչինչ չենք ուզում»:
Շատերն իրենց ապագան մշուշոտ են տեսնում, ոմանք էլ փորձեր են անում հարմարվելու նոր իրականությանը: Վերա Սաֆարյանն անվտանգության ոլորտում աշխատանք է գտել, նաեւ ռուսերեն է դասավանդում մանկական զարգացման կենտրոնում: Մինչ պատերազմը պաշտպանության բանակի՝ Հադրութի զորամասում էր ծառայում, քարտեզների գծագրող էր, հիմա փորձում է վերականգնվել պատերազմի շոկից, հուզական ծանր ապրումներից:
Զինվորական ծառայությանը վերադառնալու դեռեւս չի պատրաստվում, երեխային իր հետ Արցախ տանելու՝ նույնպես, ապահովության երաշխիք չունի. ասում է՝ ռուս խաղաղապահի ուղեկցությամբ ադրբեջանցի զինվորականները Արցախի գյուղերի, քաղաքների խանութներում առանց արգելքի առեւտուր են անում, ամեն ստորության պատրաստ են:
Անօդաչու սարքերի հարվածներից հրաշքով փրկված Վերան մտադիր է հետագայում նաեւ բնակարան վարձել, գուցեեւ՝ վերջնական հաստատվել Երեւանում:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։