Ըստ ամերիկյան «Associated Press» գործակալության՝ ԱՄՆ-Կանադա պետական սահմանի հատման կետը՝ Կանադայի Օնտարիո նահանգի Վինձոր եւ ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքները միացնող Ամբասադոր կամուրջը, բաց է։ Հունվարի 29-ից կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքող ցուցարարները հեռացել են կամրջից:
Օնտարիո նահանգի Բարձրագույն դատարանի փետրվարի 11-ի որոշմամբ՝ փետրվարի 7-ից Ամբասադոր կամրջի երթեւեկությունը փակած հեռավոր երթերի բեռնատարների վարորդները պարտավոր են հեռանալ կամրջից։ Այս կամրջով է ԱՄՆ-ից Կանադա փոխադրվում բեռների շուրջ 25 տոկոսը: Ամեն օր կամրջով փոխադրվում է շուրջ 400 միլիոն կանադական դոլարի (315 միլիոն ամերիկյան դոլար) ապրանք։
Փետրվարի 12-ին Ամբասադոր կամրջի մոտ են ժամանել ոստիկանության ուժեղացված կարգախմբեր, որոնք սկսել են աստիճանաբար ցրել կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքող քաղաքացիներին: 12 մարդ ձերբակալվել է։
Բողոքի ցույցերը սկսվել են Օտտավայում երկրի խորհրդարանի շենքի առաջ։ Անցած հանգստյան օրերին համանման ակցիաներ են եղել Տորոնտոյում, Քվեբեկ Սիթիում, Վինիպեգում, Էդմոնտոնում եւ Վանկուվերում:
Հունվարի վերջից շրջափակված է նաեւ կանադա-ամերիկյան սահմանի՝ Ալբերտա եւ Մոնտանա նահանգների միջեւ տեղակայված հսկիչ կետերից մեկը։