ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Քննարկվել են ԵՄ-ի՝ 2,6 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացման աշխատանքներին վերաբերող հարցեր: Առանձնակի կարեւորվել է Սյունիքի մարզում 80 միլիոն եվրոյի փաթեթի արդյունավետ իրացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին:
Կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալից հայտարարություններն ու արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացմանն ուղղված քայլերը:
Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման եւ համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւս ընդունել է Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես տրանսպորտային ապաշրջափակմանն ուղղված աշխատանքների շուրջ:
Մհեր Գրիգորյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը եւ անդրադարձել հնարավոր ապաշրջափակման սկզբունքներին:
Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերելու հակամարտության վերջնական կարգավորման եւ իրավիճակի կայունացման գործում, նպաստել տարբեր ձեւաչափերով բանակցությունների ակտիվացմանը:
Կլաարն ընդգծել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է հումանիտար ոլորտում աշխատանքները, մասնավորապես ռազմագերիների, այլ պահվող անձանց եւ անհայտ կորածների վերադարձի ուղղությամբ:
Հանդիպումներին ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: