ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցության ու Ուկրաինայի շուրջը լարված իրավիճակը թուլացնելու անհրաժեշտությունը։
Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտնել է, որ նախարար Օսթինն ու գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը վճռական զսպվածություն եւ պաշտպանություն ապահովելու կարեւորության վերաբերյալ կարծիքներ են փոխանակել։
«Ռուսաստանի գործողություններն ի վերջո հակառակ արդյունք են տալու` հանգեցնելու են ավելի ուժեղ եւ միավորված ՆԱՏՕ-ի, որը նախատեսված է արեւելյան թեւում ագրեսիան զսպելու եւ պաշտպանելու համար»,- շեշտել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Հեռախոսազրույցի ընթացքում Յենս Ստոլտենբերգն ընդգծել է նաեւ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների առաջիկա հանդիպման կարեւորությունը։