ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուի հետ բանակցություններից հետո մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակի ու առհասարակ եվրոպական անվտանգության մասին։
Լավրովը հայտնել է, որ Մոսկվան առաջիկայում Վաշինգտոնի ու Բրյուսելի նամակների պատասխանները վերջնականապես կլրամշակի եւ շուտով կփոխանցի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին:
Լավ արդյունքի մշակման հեռանկարներ է տեսնում
ՌԴ արտգործնախարարն ասել է, որ իրենց առաջարկները, որոնց նախագահ Պուտինը սկզբունքորեն հավանություն է տվել, բխում են ռուսական դիրքորոշման ամբողջականության պահպանումից:
Լավրովն ընդգծել է, որ անվտանգության երաշխիքների թեմայով բավականին լավ արդյունքի մշակման հեռանկարներ է տեսնում: Ըստ նրա՝ Ռուսաստանը պատրաստ է Արեւմուտքի երկրների հետ առանձին խորհրդակցություններ անցկացնելու միջին ու փոքր հեռահարության հրթիռների եւ ռազմական ռիսկերի նվազեցման միջոցառումների վերաբերյալ:
Անբաժանելիության սկզբունքը լցնել իրական բովանդակությամբ
Ռուսական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Մոսկվան կշարունակի երկխոսությունը Արեւմուտքի դիրքորոշումը հստակեցնելու նպատակով եւ հասկանալու համար՝ որքանով են ՆԱՏՕ-ի անդամները պատրաստ պայմանավորվելու անվտանգության անբաժանելիության սկզբունքը իրական բովանդակությամբ լրացնելու առումով:
«…Եվ, իհարկե, փորձագիտական խորհրդակցություններ կանցկացնենք որոշակի հարցերի շուրջ մոտեցումները համաձայնեցնելու համար՝ լինեն դրանք միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ, թե ռազմական ռիսկերի նվազեցման միջոցառումներ։ Կարծում եմ, որ ջանքերի շնորհիվ այդ բոլոր ուղղություններով կարելի է լավ փաթեթային արդյունք մշակել»,-ասել է նա։
Չխուսանավեցին Արեւմուտքի արտաքին կառավարման ու ՌԴ-ի հետ լավ հարաբերությունների միջեւ
Անդրադառնալով ուկրաինական թեմային՝ Լավրովը շեշտել է, որ Ուկրաինայի իշխանությունը, ինչպես Վրաստանինը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արեւմուտքի արտաքին կառավարման ու Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների միջեւ չկարողացավ ճիշտ ընտրություն կատարել։ Արտաքին կառավարման նպատակն էր այդ երկրների վերջնական տարանջատումը Ռուսաստանից եւ նրանց ներքաշումը ՆԱՏՕ-ի ազդեցության ոլորտ։ Միեւնույն ժամանակ Մոսկվան այս բոլոր տարիներին Ուկրաինայի նկատմամբ բարի կամքի պակաս չի ունեցել։