ՅՈՒՆԵՍԿՕ-ն անդրադարձել է Արցախի Հանրապետության՝ Արցախյան վերջին պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության շարունակական պղծման, ձեւախեղման եւ ոչնչացման դեպքերի մասին ահազանգերին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակից «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է 1954-ի Հաագայի կոնվենցիայի շրջանակում Լեռնային Ղարաբաղ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակի աշխատակից Թոմաս Մալարդը հայտնել է, թե հույս ունեն, որ դա հնարավոր կլինի շուտով, բայց տվյալ պահին դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան, ուստի քննարկումները դեռ շարունակվում են։
«Մշակութային ժառանգությունը եւ պատմությունը չպետք է դառնան գործիք քաղաքական որեւէ նպատակի համար: Մենք կոչ ենք անում մեր բոլոր անդամ պետություններին ամբողջ աշխարհով մեկ հարգելու այս սկզբունքը»,- հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն: