Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Արցախի արեւելյան սահմանագոտում փետրվարի 15-ին՝ 16:15-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետեւանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:
Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Ըստ Արցախի ռազմական գերատեսչության` ներկա պահին օպերատիվ–մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:
Ավելի վաղ Արցախի դատախազությունը հայտնել էր, որ Ասկերանի շրջանում հողագործական աշխատանքով զբաղված արցախցիների ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
Երկու դեպքերի մասին ադրբեջանական կողմից դեռեւս արձագանք չկա: