Կրեմլում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի բանակցությունները։
Ռուսաստանի նախագահը բանակցություններից հետո հայտարարել է, որ Արեւմուտքն անտեսել է Մոսկվայի հիմնարար անվտանգության պահանջները, այնուամենայնիվ, Ռուսաստանը պատրաստ է առանձին հարցերի շուրջ բանակցելու՝ Եվրոպայում նոր ռազմական հակամարտությունից խուսափելու համար։
Երկու երկրների առաջնորդների առաջին անձնական հանդիպման ժամանակ Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ հավատարիմ է մնում լարվածության թուլացմանն ուղղված քաղաքականությանը։ Կանցլերը հավելել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ, մինչդեռ Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչումը «քաղաքական աղետ» կլինի:
Կողմ է քվեարկել 351 պատգամավոր, 16-ը՝ դեմ, 1-ը ձեռնպահ
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները նախօրեին կողմ են քվեարկել նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին, որով խնդրում են ճանաչել Լուգանսկի եւ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության հեղինակած փաստաթղթին կողմ է քվեարկել 351 պատգամավոր, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 1-ը։
Ռուսաստանցի օրենսդիրների կարծիքով նման ճանաչումը հիմքեր կստեղծի արտաքին սպառնալիքներից եւ ցեղասպանության քաղաքականության իրականացումից ինքնահռչակ հանրապետությունների բնակիչների պաշտպանության եւ անվտանգության երաշխիքների ապահովման, ինչպես նաեւ «միջազգային խաղաղության եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման համար»։
Ռուսաստանի Պետդումայի կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորները, այդ թվում՝ խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովը, ավելի վաղ խորհրդարան էին ներկայացրել Ուկրաինայի արեւելյան անջատողական հանրապետությունների անկախությունը ճանաչելու վերաբերյալ նախագահ Պուտինին ուղղված դիմումի օրինագիծ։ Ըստ այդ օրինագծի՝ Ուկրաինայի իշխանություններն անհանդուրժող են դարձել երկրի Լուգանսկի եւ Դոնեցկի շրջանների բնակիչների կյանքի պատմականորեն հաստատված նորմերի, ինչպես նաեւ կամքի եւ կրոնի նկատմամբ։