Թուրքիայի Բնական աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման պետական կառույցը (AFAD) 2017 թվականին սկսել է «Բնական աղետների ռիսկերի գնահատման համակարգ» ծրագիրը, ըստ որի՝ 2021 թվականին Թուրքիայում գրանցվել են 107 ջրհեղեղի ու սելավի, 66 անտառային հրդեհի, 16 ձնաբքի ու 39 սողանքի դեպքեր, հայտնում է «Milliyet» պարբերականը։
2021-ին Թուրքիայի պատմության մեջ գրանցվել են ամենամեծ անտառային հրդեհը ու վերջին 65 տարվա ընթացքում ամենաշատ մարդկային կորուստների պատճառ դարձած ջրհեղեղը։ Բացի այդ՝ ողջ երկրում ընդհանուր առմամբ 23 հազար երկրաշարժի դեպք է գրանցվել մեկ տարվա ընթացքում, սրանցից միայն 49-ն է եղել 4-5 մագնիտուդ ուժգնությամբ։
2021 թվականը Թուրքիայի համար եղել է նաեւ չորային տարի։ Բազմաթիվ լճեր ու շրջակայքի էկոհամակարգեր մեծապես տուժել են խիստ չոր եղանակից։ Թուրքիայի ամենամեծ լիճը հանդիսացող Վանա լճի որոշ շրջաններում դիտվել է 1.5-2 կմ ափի անկում։
Ըստ վերոնշյալ հետազոտության՝ Թուրքիայում տարեկան մոտ 25 հազար երկրաշարժ է գրանցվում։ Ըստ Գազի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրման կենտրոնի մասնագետ Բյուլենթ Օզմենի, վիճակագրական տվյալների համաձայն, կլիմայական փոփոխությունների հետեւանքով ե՛ւ ողջ աշխարհում, ե՛ւ Թուրքիայում մեծապես աճել են ջրհեղեղների, փոթորիկների քանակն ու ուժգնությունը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը