ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջեւ արդյունավետ համագործակցության արդյունքում կանխվել է Ադրբեջանում ծնված ՀՀ քաղաքացու սխալմամբ վտարումն Ադրբեջան:
Ռուսաստանյան դատարանի որոշմամբ ՌԴ տարածքում վարչական իրավախախտում կատարած քաղաքացուն սպառնում էին վարչական պատասխանատվություն եւ վարչական վտարում ՌԴ տարածքից:
Համապատասխան որոշման ներածական մասում վարչական վտարման ենթարկված անձի տվյալները շարադրելիս ՌԴ դատարանը թյուրիմացաբար նշել էր, որ վարչական իրավախախտում կատարած անձը Ադրբեջանի քաղաքացի է, ինչը վերջինիս համար Ադրբեջան վտարվելու իրական վտանգ էր ստեղծել:
Չնայած վտարման գործընթացի հետ ՀՀ դատախազության լիազորությունների որեւէ առնչության բացակայության հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունն անհապաղ միջոցներ է ձեռնարկել գործընթացի կասեցման ուղղությամբ՝ խնդրի լուծմանը ներգրավելով ՌԴ գլխավոր դատախազությանն ու ՀՀ պետական լիազոր մարմիններին:
ՌԴ գլխավոր դատախազության աջակցությամբ խնդիրը ներկայացվել է վերոհիշյալ որոշումն ընդունած դատարանի ուշադրությանը, որը սեղմ ժամկետում համապատասխան լրացուցիչ որոշմամբ փոխել է իր որոշման մեջ տեղ գտած անճշտությունն, ու անձը վերադարձվել է Հայաստան։