ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ 2021-ի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գերեվարված ոչ բոլոր հայ գերիներն են վերադարձել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանը փետրվարի 7-ին հայկական կողմին է փոխանցել 8 հայ ռազմագերիների։ Նշվում էր, որ 2021-ի նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտերից հետո գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։
«Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ պաշտոնական պատասխանում նշված է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի Հանրապետությունը չի վերադարձրել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Հովսեփյանին:
ԱԱԾ-ից հայտնել են նաեւ, որ ադրբեջանական կողմի պաշտոնապես հաստատված տվյալներով` Ադրբեջանում դեռեւս պահվում են 38 հայ ռազմագերիներ։