Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիները»՝ AZAL-ը, Հայաստանին մոտ 32 հազար եվրո է վճարել աերոնավիգացիոն ծառայությունների՝ Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջեւան թռիչքների նպատակով օգտագործելու համար։
«Սպուտնիկ Արմենիայի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ կոմիտեից հայտնել են, որ 2021-ի հոկտեմբերի 6-ից մինչեւ 2021-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում AZAL ավիաընկերության կողմից ՀՀ օդային տարածքով իրականացված թռիչքների աերոնավիգացիոն ծառայությունների մատուցման դիմաց «Հայերոնավիգացիան» ՓԲ ընկերությանը վճարվել է 3190177 եվրո՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով:
«Սպուտնիկ Արմենիան» համեմատության համար նշել է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարներից Ադրբեջանը ամսական գանձում է մոտ 17 հազար եվրո։ Շատ դեպքերում այդ գումարը փոխհատուցում են հայաստանյան ներկրողները։
Քաղավիացիայից ավելի վաղ հաստատել էին, որ Հայաստանի օդային տարածքով թռչող բոլոր ավիաընկերությունները, որոնց թվում՝ AZAL-ը, Հայաստանին վճարում են աերոնավիգացիոն ծառայությունների համար։