Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած այցի ընթացքում երկու կողմերի միջեւ տնտեսական համագործակցության մի շարք պայմանագրեր են ստորագրվել, ըստ որոնց՝ ԱՄԷ-ից ակնկալվում է 10 միլիարդ դոլարի ներդրում Թուրքիայի տնտեսության մի շարք ոլորտներում, հայտնում է «Sabah» օրաթերթը։
Նախատեսվող ներդրումների զգալի մասն իրականացվելու է 2022 թվականի ընթացքում՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, սննդի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Իսկ առաջին ու խոշոր ներդրումն ԱՄԷ-ից սպասվում է ռազմական արդյունաբերության ոլորտում, փոխանցում է պարբերականը, որը թեմայի շուրջ զրուցել է Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի նախագահ Նաիլ Օլփաքի հետ։ Վերջինս նշել է, որ երկրների ներկայացուցիչներն այսուհետ պարբերաբար հանդիպելու են՝ ներդրումային գործընթացն ավելի մանրամասն վերահսկելու նպատակով։
Թուրքիան ԱՄԷ-ի՝ առեւտրի ծավալով 11-րդ գործընկեր պետությունն է։ Իսկ ԱՄԷ-ն Թուրքիայի՝ երկկողմանի առեւտրի ամենախոշոր ծավալով պետությունների շարքում 12-րդ տեղում է։ 2019 թվականին երկու երկրների միջեւ առեւտրի ծավալը եղել է 7.3 միլիարդ դոլար։ 2020-ին ու 2021-ին այս թիվը հասել էր 8 միլիարդ դոլարի։ Սննդի արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչ Քազըմ Թայջըն «Sabah»-ի հետ զրույցում հայտնել է, որ ստորագրված համագործակցության պայմանագրերը մեծապես կնպաստեն Թուրքիայի տնտեսության ընդլայնմանն, ու ըստ նրա՝ առեւտրի ծավալները կաճեն մինչեւ 40%-ով։ Բացի այդ՝ նշել է, որ նախկինում Սաուդյան Արաբիայի հետ առեւտրի ծավալները կազմել են 3 միլիարդ դոլար, իսկ 2021-ին այս թիվը նվազել է մինչեւ 189 միլիոն դոլար․ «Ես հավատում եմ, որ նախագահ Էրդողանի հանդիպումների շնորհիվ առեւտրի ծավալները նորից կկարողանանք հասցնել 3 միլիարդ դոլարի»,- ասել է Թայջըն։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը