Ըստ իրանական Tasnimnews-ի՝ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին, անդրադառնալով Վիեննայում ընթացող բանակցություններին, հայտարարել է, որ շաբաթներ տեւած ինտենսիվ բանակցություններից հետո կողմերն առավել քան երբեւէ մոտ են համաձայնությանը։
«Բայց քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ»,- շեշտել է Բաղերին: Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրատես լինել, հրաժարվել առավելապաշտությունից եւ ուշադրության արժանացնել վերջին չորս տարվա փորձը։ «Ժամանակն է, որ բանակցող կողմերը որոշում ընդունեն»,- եզրափակել է Ալի Բաղերին։
Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին ավելի վաղ հայտարարել էր, որ հնարավոր է՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվի: Ըստ նրա՝ եթե դա առաջիկա շաբաթների ընթացքում տեղի չունենա, միջուկային գործարքի վերականգնումն անհնար կդառնա:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների ղեկավարին էր դիմել Իրանի հետ միջուկային գործարքին չվերադառնալու խնդրանքով:
Զրույցի ժամանակ Բենետը Բայդենին հորդորել էր չվերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին՝ նշելով, որ ոչինչ տեղի չի ունենա, եթե ԱՄՆ-ը գործարքը չստորագրի: Ըստ Բենետի՝ գործարքի վերականգնման դեպքում Թեհրանը միլիարդավոր դոլարներ կվաստակի, ինչը կնպաստի տարածաշրջանում «չարամիտ գործունեությանը»: