ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջն իրադրության քաղաքական կարգավորման համար դեռ ժամանակ կա: Նա հավելել է, որ Ռուսաստանի համար դեռեւս ուշ չէ հեռանալ հակամարտությունից ու բռնել խաղաղության ուղին: Ստոլտենբերգը հղում է արել Ռուսաստանին թափանցիկության, ռիսկերի նվազեցման ու սպառազինության նկատմամբ վերահսկողության հարցերով ՆԱՏՕ-ի գրավոր առաջարկներին:
«Մենք դեռեւս պատասխան չենք ստացել, եւ ես կրկին դիմում եմ Ռուսաստանին՝ առաջարկելով կրկին հանդիպել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ձեւաչափով»,- հավելել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ փոխզիջումների գնալ առանցքային սկզբունքների հարցում, որոնց թվում է նաեւ դաշինքին միանալու երկրների իրավունքը: