Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ Սպիտակ տան ներկայացուցիչը նախօրեին «կեղծ» է անվանել ուկրաինական սահմանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ Մոսկվայի հայտարարությունը:
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Ուկրաինայի հետ սահմանից զորքերի դուրսբերման մասին Ռուսաստանի կառավարության հայտարարությունը մեծ ուշադրության արժանացավ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում։
«Բայց հիմա մենք գիտենք, որ դա սուտ էր»,- ընդգծել է անանուն մնալու պայմանով լրագրողների հետ զրուցած պաշտոնյան:
Ըստ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի՝ իրականում Ռուսաստանը մեծացրել է իր ներկայությունը ուկրաինական սահմանին 7 հազար զինվորականներով, որոնց մի մասը հենց վերջերս է ժամանել տարածաշրջան։
Ստեր տարածելու համար ներողություն խնդրելու պահանջ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը պետք է ներողություն խնդրի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ իր հայտարարությունների համար:
Զախարովան ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բրիտանիայի ժողովուրդների, ինչպես նաեւ նրա հայտարարությունը որպես ճշմարտություն ընդունած ԶԼՄ-ների առաջ պարտավոր է ներողություն խնդրել սուտ տարածելու համար։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հետքաշման ոչ մի ապացույց չի տեսնում։