Թուրքական Milliyet-ը հրապարակել է ամերիկյան Maxar Technologies-ի՝ Ուկրաինայի շրջակայքը պատկերող արբանյակային լուսանկարները՝ արված փետրվարի 15-ին ու 16-ին։ Ըստ այս լուսանկարների՝ ԱՄՆ-ը վստահեցրել է, որ Ռուսաստանի այն հայտարարությունը, թե իբր իր ուժերը սկսել է հեռացնել Ուկրաինայի շրջակայքից, «կեղծ» են։
Վերջին օրերին արված լուսանկարներում պատկերված են Բելառուսում, Ղրիմում ու Կուրսկում տեղակայված ռուսական ուժերը։ Եվրոպայում իր միակ դաշնակից Բելառուսում դեռ շարունակում են մնալ 30 հազար ռուս զինվորներ: Բացի այդ՝ Ռուսաստանը Բելառուսի տարածքում նոր կամուրջ է կառուցել Պրիպյատ գետի վրա, որն անցնում է նաեւ Կիեւով։
Ուկրաինայի սահմանին բավականին մոտ գտնվող Գոմելի շրջանի Զյաբրովկա ավիաբազայում նոր հարձակողական ուղղաթիռներ են տեղակայվել։ Լուսանկարներում երեւում է, որ Բելառուսի Ռեչիցա քաղաքի մերձակայքում այլեւս զորամիավորումներ չկան։
Ղրիմի ահռելի Օպուկ բազայում փետրվարի 15-ի դրությամբ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, հազարավոր ռուս զինվորներ առանց որեւէ տեղաշարժի սպասում են, հայտնում է պարբերականը։ Նույն կերպ առանց տեղաշարժերի պատրաստ վիճակում են նաեւ 2014-ին Ռուսաստանի ղեկավար Պուտինի կողմից գրավված Ղրիմի թերակղզու Եվպատորիա, Ֆիլատովկա, Նովոոզյորնոյե ռուսական զորամիավորումները։
Փետրվարի 16-ին ամերիկյան արբանյակը նկարահանել է Ղրիմի կամրջով դեպի Ռուսաստան հեռացող զրահամեքենաների շարք։
Ռուսական տարածքում գտնվող Կուրսկի ռազմաբազայում նույնպես ոչ մի փոփոխություն չկա։ Չնայած որ փետրվարի 17-ի առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր զորավարժություններից հետո տանկերի վերադարձը դեպի իրենց նախկին ռազմաբազաներ, ԱՄՆ իշխանության ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, շարունակում են պնդել, որ Ռուսաստանը ոչ միայն հետ չի քաշել իր ուժերը Ուկրաինայի մերձակայքից, այլեւ պատրաստվում է եւս 7000 զինվոր տեղափոխել Ուկրաինայի սահմանամերձ շրջաններ։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը