ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է Էնթոնի Բլինքենի թեկնածությունը։
Միջազգային հարաբերությունների հարցերով սենատի կոմիտեի լսումների ժամանակ Բլինքենին հարցրել են՝ աջակցո՞ւմ եք Վրաստանի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին, ինչին նա պատասխանել է. «Եթե Վրաստանի նման երկիրն ընդունակ լինի բավարարել ՆԱՏՕ-ի պահանջները, կազմակերպության դռները բաց կլինեն նրա առաջ»:
Հանրապետական սենատոր Ռենդի Փոլը նկատել է, որ եթե Վրաստանն անդամակցեր ՆԱՏՕ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն Միացյալ Նահանգները հիմա պատերազմի մեջ կլինեին Ռուսաստանի հետ, հետեւաբար ինքը չի աջակցի Վրաստանի անդամակցությանը:
Բլինքենը չի համաձայնել՝ նշելով, որ ռուսները ագրեսիվ գործողություններ են կիրառում միայն այն երկրների հանդեպ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն:
«Անցյալում տեսել ենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցած երկրները չեն դառնում ռուսական ագրեսիայի թիրախ», -եզրափակել է պետքարտուղարի թեկնածուն: