Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ: Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել Անդրկովկասում իրավիճակին, նախ եւ առաջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաեւ 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթների պարտադիր կատարման կարեւորությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Նախարարները քննարկել են նաեւ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ անվտանգության ամուր իրավական երաշխիքների ապահովման ուղիների վերաբերյալ ռուսական նախաձեռնությունները: