Sputnik Արմենիայի՝ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնել է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը փետրվարի 18-ին նիստի համապատասխան որոշմամբ «Քառյակ մեդիայի» խմբում ներառված «Արմնյուզ» հեռուստաընկերությանը զրկել է հեռարձակման արտոնագրից, իսկ «Արմնյուզ FM»-ը վերադարձրել եթեր։
Ըստ Հակոբյանի` «Արմնյուզ FM» ռադիոկայանը, որը նույնպես վերջին օրերին չէր հեռարձակվում, գրությամբ դիմել է ՀՌՀ եւ վերադարձել եթեր։
Մինչ որոշումը 5 օրով կասեցվել էր թե՛ հեռուստաընկերության, թե՛ ռադիոյի արտոնագրի գործողությունը։
«Օրենքը թույլ է տալիս մինչեւ 30 օր ժամկետով կասեցնել արտոնագիրը, եթե հեռարձակողը 24 ժամից ավելի անընդմեջ չի ապահովել եթերը հանրային մուլտիպլեքսում կամ հատկացված FM տիրույթում։ Այս դեպքում մենք նախընտրեցինք 5 օրով կասեցնել արտոնագիրը։ Այդ ընթացքում ՀՌՀ-ն «Արմնյուզ» հեռուստաընկերությունից ոչ մի գրավոր դիմում, պարզաբանում չի ստացել»,– նշել է Հակոբյանը։
2019-ի փետրվարի 1-ին հիմնադրված «Քառյակ մեդիան», որի կազմի մեջ մտնում են ArmNews հեռուստաընկերությունը, Tert.am-ը եւ ArmNews FM ռադիոկայանը, փետրվարի 11-ին գործունեությունը դադարեցնելու եւ դրա պատճառների մասին հայտարարություն տարածեց։
Հիմնադիրների հայտարարության մեջ ասված է նաեւ, թե վերջին 3,5 տարում թիմն արել է ուժերի ներածին չափով առավելագույնը՝ կանխատեսելով, պատմելով, բացատրելով, բացահայտելով եւ զգուշացնելով առկա եւ սպասվելիք իրողությունների մասին. վեր են հանվել խնդիրները եւ ներկայացվել փաստերը քաղաքական, հասարակական եւ պատերազմական գործընթացների ամենաթեժ կետերից:
ՀՌՀ-ն էլ փետրվարի 15-ի արտահերթ նիստի որոշմամբ «Արմնյուզ» ՓԲ եւ «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների արտոնագիրը 5 օր ժամկետով կասեցրել էր եւ վարչական տույժ կիրառել։