ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոշ Գոթհայմերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ավելացնի ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների հետեւանքով Արցախից տարհանվածներին տրամադրվող աջակցությունը եւ այլեւս օգնություն չտրամադրի Ադրբեջանին:
Գոթհայմերը նախօրեին հանդիպել է Արցախյան վերջին պատերազմի հայ փախստականների հետ: «Այս շաբաթ հանդիպեցի 44-օրյա պատերազմի հայ փախստականների հետ: Նրանց պատմությունները լսելուց եւ նրանց երեխաների հետ հանդիպելուց հետո ակնհայտ է, որ պետք է ամեն ինչ անենք տեղի ունեցած կոտորածները ճանաչելու եւ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,- թվիթերյան գրառման մեջ նշել է կոնգրեսականը:
«Որպես հրեա ամերիկացի՝ էթնիկ փոքրամասնություններին թիրախավորելը խիստ անձնական է ինձ համար: ԱՄՆ-ը պետք է անի ավելին. կանգնի հայերի կողքին, մասնավորապես ընդլայնի Արցախից տարհանվածների աջակցությունը եւ դադարեցնի օգնության տրամադրումն Ադրբեջանին»,- ընդգծել է Ջոշ Գոթհայմերը: