ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ միլիոնավոր մարդիկ շունչները պահած հետեւում էին, թե ինչ հագուստ է կրելու նրա կինը՝ Ջիլ Բայդենը: ԱՄՆ պատմության մեջ առանձին տեղ է գրավում երկրի կարեւոր արարողությունների, հատկապես նախագահի երդմնակալության ժամանակ առաջին տիկնոջ հագուստը, որի ընտրությունը պատահական չէ: Ըստ ավանդույթի՝ նախագահի երդմնակալության ժամանակ ԱՄՆ առաջին տիկնոջ կրած հագուստը հանձնվում է Սմիթսոնյան ինստիտուտի ազգային թանգարանին եւ ցուցադրվում իբրեւ պատմական նմուշ:
Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը նրա կինը կրել է «Մարգարյան» ապրանքանիշի կապույտ զգեստ եւ վերարկու, որ ստեղծել է ամերիկացի երիտասարդ դիզայներ Ալեքսանդրա Օ’Նիլը: Լրատվամիջոցները հայտնեցին լուրը՝ Ալեքսանդրա Օ’Նիլի արմատներում իզուր փնտրելով հայկական հետք: Ամերիկացի դիզայները, ինչպես կարդում ենք ապրանքանիշի պաշտոնական կայքում, «Մարգարյան» ապրանքանիշը ստեղծել է՝ ոգեշնչվելով երկնքից ու աստղերից, իսկ ավելի ստույգ՝ «Մարգարյանի գալակտիկաներ»-ի խմբից, որ համարվում է ամենապայծառներից մեկը եւ կոչվում է խորհրդահայ աստղագետ Բենիամին Մարգարյանի անունով:
Ալեքսանդրան մեծացել է ամերիկյան մի գյուղում, որտեղ նրանք հարեւաններ չունեին, տասը տարեկանում տատը նրան կարուձեւ է սովորեցնում, իսկ երեկոները, զբաղմունք չունենալով, աղջիկը երկար դիտում է երկինքը, աստղերն ու երազում:
2017-ին հիմնելով իր ապրանքանիշը՝ Ալեքսանդրա Օ’Նիլը վստահ է եղել, որ «Մարգարյան» անունը ամենահարմարն է երկնքի ռոմանտիկ, կայուն գույներով ու փայլերով ստեղծվող իր հագուստների համար: ԱՄՆ նախագահի կնոջ համար նրա ստեղծած հագուստն, ըստ դիզայների մեկնաբանության, երկնքի գույնն ունի, իսկ դրա վրա փայլող թանկարժեք քարերը աստղերն են խորհրդանշում: Նա կապույտ է ընտրել նաեւ Ջիլ Բայդենի ձեռնոցը, պայուսակը, հակավիրուսային դիմակը:
«Մարգարյանի գալակտիկաներ»-ը ներշնչանքի աղբյուր է դիզայներների համար, իսկ գիտության համար՝ անվերջ հետազոտության թեմա. այն այսօր ուսումնասիրում են աշխարհի բոլոր աստղադիտարանները:
Ըստ հանրագիտարանի՝ 1965-1980 թվականներին Բյուրականի աստղադիտարանի ակադեմիկոս Բենիամին Մարգարյանն ու նրա աշխատակիցներն իրականացրին աշխարհում ամենամեծ սպեկտրային շրջահայությունը, որը ծածկում է հյուսիսային երկնքի մեծ մասը:
Շրջահայությունը ներառում է մոտակա տիեզերքի ամենամեծ ուսումնասիրությունը եւ 20-րդ դարի աստղաֆիզիկայի կարեւոր ձեռքբերումներից է։ Այն իր բնույթով եզակի է եւ ակտիվ գալակտիկաների որոնման առաջին կանոնավոր ծրագիրն է, որի արդյունքում հայտնաբերվել է գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկա («Մարգարյանի գալակտիկաներ» կամ «Մարգարյանի շղթա»): Նրանք այդ ուսումնասիրությունը կատարել են Բյուրականի աստղադիտարանի Շմիդտի մեկ մետր տրամագիծ ունեցող աստղադիտակով ստացված սպեկտրների միջոցով:
Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ, գիտության վաստակավոր գործիչ Բենիամին Մարգարյանը ծնվել է Վրաստանի Մառնեուլի շրջանի Շուլավեր գյուղում 1913-ին, մահացել Երեւանում 1985-ին:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։