Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Մյունխենի անվտանգության համաժողովին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն խաղաղ ու պաշտպանական դաշինք է եւ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երաշխիքներ տալու, որ դաշինքը սպառնալիք չէ ՌԴ-ի համար:
«Առջեւում կա ճանապարհ, եթե նախագահ Պուտինը պատրաստ է: Կարելի է քննարկել սպառնալիքները, որոնք նա պնդում է, թե տեսնում է: Քանի որ իրականում մենք բոլորս գիտենք, որ բոլոր այդ սպառնալիքները ցնորք են: Դրանք Հյուսիսատլանտյան դաշինքի մասին Կրեմլի խրոնիկ սխալական պատկերացման արդյունքն են»,- շեշտել է Ջոնսոնը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ոչ թե սպառնալիք է, այլ խաղաղ ու պաշտպանական դաշինք: «Մենք պատրաստ ենք աշխատելու նախագահ Պուտինի հետ՝ ցույց տալու այդ տեսակետը եւ տալու այն երաշխիքները, որոնց կարիքը նա ունի»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: