Լիտվա կատարած այցի շրջանակում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ի արեւելյան ճակատ ուղարկելու եւս հազար զինվորականի:
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ մեր պարտականություններին, պարտավոր ենք հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի համաձայնագրի 5-րդ հոդվածին: Հավելյալ ուժեր ենք ուղարկել ՆԱՏՕ-ի արեւելյան ճակատ եւ պատրաստ ենք եւս 1000 զինվորականի ուղարկելու, եթե դա անհրաժեշտ լինի իրավիճակին արձագանքելու տեսանկյունից»,- ասել է Օսթինը:
Նա շնորհակալություն է հայտնել Լիտվային ՆԱՏՕ-ի զինվորականներին սրտաբաց ընդունելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսելու պարագայում Միացյալ Նահանգները զորք չի ուղարկի այդ երկիր:
«Մենք մեր զորքերին Ուկրաինա չենք ուղարկի կռվելու, սակայն շարունակելու ենք աջակցել Ուկրաինային եւ նրա ժողովրդին»,- հայտարարել է Բայդենը:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմն արդեն ռեկորդային աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային՝ բարձրացնելու երկրի պաշտպանունակությունը: