Պեկինում փետրվարի 20-ին ավարտվեցին փետրվարի 4-ին մեկնարկած 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը։ Չինաստանի մայրաքաղաքում Օլիմպիադայի փակման շքեղ արարողության ընթացքում ներկայացվեցին հաջորդ Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալող Միլանը եւ Կորտինա դ’Ամպեցոն, Միջազգային օլիմպիական կոմիտեն օլիմպիական դրոշը փոխանցեց իտալական քաղաքների քաղաքապետներ Ջուզեպպե Սալեին եւ Ջանպյետրո Գեդինեին։ Արարողության ավարտին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը Պեկինի Օլիմպիական խաղերը հայտարարեց փակված: Այնուհետեւ մարվեց օլիմպիական կրակը:
Նորվեգիա՝ 16 ոսկի , Գերմանիա՝ 12 ոսկի, Չինաստան՝ 9 ոսկի
2022-ի օլիմպիական խաղերին մասնակցել են ավելի քան 90 երկրի մարզիկներ, խաղարկվել է մրցանակների 109 հավաքածու: Մեդալային հաշվարկով հաղթող է դարձել Նորվեգիայի հավաքականը, որը նվաճել է 16 ոսկե, 8 արծաթե, 13 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Գերմանիայի հավաքականն է (12 ոսկի, 10 արծաթ, 5 բրոնզ), երրորդում՝ Չինաստանի հավաքականը (9 ոսկի, 4 արծաթ, 2 բրոնզ): Մրցանակների ընդհանուր թվով առաջինը նորվեգացիներն են (37), երկրորդը՝ ռուսները (32), երրորդը՝ գերմանացիները (27):
Սքիաթլոնում՝ 47-րդ, դահուկավազքում՝ 74-րդ եւ 93-րդ հորիզոնականները
Հայաստանը օլիմպիական խաղերում ներկայացնում էին գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, դահուկորդներ Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, Միքայել Միքայելյանը։ Դահուկորդ Միքայել Միքայելյանը 15 կմ դասական ձեւում 61-րդ տեղում է, իսկ սքիաթլոն 15 կմ եւ 15 կմ ազատ ոճերում՝ 47-րդ: Դահուկորդ Կատյա Գալստյանը դահուկավազքի 10 կմ դասական ձեւում 74-րդ տեղում է, իսկ Անգելինա Մուրադյանը՝ 93-րդ։ Գեղասահորդներ Թինա Կարապետյանը եւ Սիմոն Սենեկալը 20 զույգի մեջ 18-րդ տեղում են։ Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը չմասնակցեց խաղերին` կորոնավիրուսով վարակվելու պատճառով։