Չինաստանի արտագործնախարար Վան Ին հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում կողմերն իրավունք ունեն արտահայտելու իրենց մտավախությունը, եւ Ռուսաստանի արդարացված մտահոգությունը նույնպես պետք է հարգել ու հաշվի առնել:
Մյունխենի անվտանգության համաժողովում իր հեռավար ելույթում Ին ընդգծել է, որ պետք է հարգել եւ պաշտպանել ցանկացած երկրի ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը. դա միջազգային հարաբերությունների հիմք է՝ ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին համապատասխան: «Սա Չինաստանի կառավարության մշտական դիրքորոշումն է: Ուկրաինան բացառություն չէ»,- շեշտել է Չինաստանի արտգործնախարարը:
Վան Ին կարեւորել է Ուկրաինայի խնդրի կարգավորման համար Մինսկի համաձայնություններին վերադառնալը։
Չինաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Ուկրաինան պետք է կամուրջ լինի արեւելքի ու արեւմուտքի միջեւ, ոչ թե առաջատար տերությունների դիմակայության ճակատային գիծ:
«Հուսով ենք, որ հարցը կլուծվի երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով, եւ դա իսկապես Եվրոպայում անվտանգության եւ կայունության երաշխիք կդառնա»,- ասել է Վան Ին: