Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին Երեւան կժամանեն ադրբեջանցի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին եւ Սոլթան Մամեդովը:
Փետրվարի 22-ին Երեւանում տեղի կունենան «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի նիստերը:
Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար, «ՔՊ» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել պատվիրակություն ուղարկել Երեւան, սակայն ինքը չի կարող միանշանակ պնդել, որ այցը տեղի կունենա:
Կարապետյանը հավելել է, որ ադրբեջանցի պատգամավորներին անվտանգության երաշխիքներ են տրվել. փոխադարձ այցերի ժամանակ դա նախատեսվում է։
Խորհրդարանական ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ ադրբեջանցի պատգամավորների հետ երկխոսություն վարելու մտադրություն չունի։
Արեւելյան գործընկերության երկրները ռոտացիայով իրենց մոտ անցկացնում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հիմա հերթը հասել է Երեւանին։
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողով. 2003-ին Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ հիմնված ներխորհրդարանական ֆորումը Արեւելյան գործընկերության բաղկացուցիչ մասն է։ Եվրախորհրդարանի եւ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ազգային խորհրդարանների ներկայացուցիչները մշակում են ԵՄ-ին ավելի մոտ քաղաքական ու տնտեսական կապեր։
Արեւելյան գործընկերություն. 2008-ին Եվրամիության նախաձեռնությամբ ստեղծված նախագիծ, որի գլխավոր նպատակը Եվրամիության մերձեցումն է նախկին ԽՍՀՄ 6 հանրապետությունների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ։