Փետրվարի 2-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունեց բանաձեւ, որի համաձայն՝ Թուրքիայի դեմ պետք է սկսվի իրավախախտման վարույթ իրավապաշտպան ու գործարար Օսման Կավալայի ազատազրկման գործով։ Փետրվարի 21-ին Ստամբուլի 13-րդ քրեական դատարանում կայացավ բանաձեւի ընդունումից հետո Կավալայի գործով առաջին դատական նիստը, հայտնում է Sözcü օրաթերթը։
Նիստի ժամանակ որոշում է կայացվել երկարաձգել Օսման Կավալայի ազատազրկումը։ Բացի այդ՝ դատարանը որոշել է 2021 թվականի հուլիսի 30-ի նիստի արդյունքում իրար միացված Գեզի այգու ու «Շուկա» (Çarşı) խմբի դատական գործերը կրկին առանձնացնել։
Հիշեցնենք, որ նախկինում Գեզի այգու բողոքի ակցիաների կազմակերպման ու ֆինանսավորման մեղադրանքով կալանավորված Օսման Կավալայի ու նույն դատական գործով մյուս 17 մեղադրյալների արդարացման մասին հայցը մերժվել էր, գործը նորից էր սկսել քննվել Ստամբուլի 30-րդ քրեական դատարանի կողմից։
Գերագույն դատարանի կողմից մերժվել էր նաեւ «Շուկա» խմբի 35 մեղադրյալների արդարացման հայցը։ Խումբը ակտիվ մասնակցություն է ունեցել 2013 թվականի Գեզի այգու զանգվածային բողոքի ակցիաներին, անգամ էքսկավատորներով հետապնդել էր ոստիկանական զրահամեքենաներին ու դրանք հեռացրել ակցիայի անցկացման տարածքից։
Գերագույն դատարանը «Շուկա» խմբի վերաբերյալ կայացրած որոշման մեջ ընդգծել էր, որ տվյալ գործը պետք է կցվի Գեզի այգու դատական գործին՝ պատճառաբանելով, որ սրանց միջեւ օրինական կապ գոյություն ունի։
Փետրվարի 21-ի դատական նիստի ժամանակ որոշում է կայացվել երկու դատական գործերը կրկին քննել առանձին։
Իսկ Օսման Կավալայի ու Գեզի այգու գործով հաջորդ դատական նիստը կայանալու է մարտի 21-ին, տեղեկացնում է պարբերականը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը