Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ադրբեջանական ստորաբաժանումները փետրվարի 20-ին եւ 21-ին դարձյալ խախտել են հրադադարը Շոշի եւ Թաղավարդի ուղղությամբ՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հրադադարի խախտման հետեւանքով տուժածներ եւ նյութական վնասներ չկան:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն է տարածել, ըստ որի` ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին եւ 21-ին կրակ են բացել Շոշ եւ Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Արցախի ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են:
Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարեւանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից նաեւ փետրվարի 18-ին` 17։00-ի սահմանում են թիրախավորել ու հրազենային կրակոցներ արձակել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ։ Կարմիր Շուկա եւ Թաղավարդ համայնքների հարեւանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր էին արձակվել փետրվարի 11-ին եւս։