Ալավերդու պատկերասրահում փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, գրքի շնորհանդես էր, որին ներկա էին Ալավերդու տարածաշրջանի մտավորականներ, գրողներ, արվեստագետներ։ Տաթեւ Աղաբաբյանն ընթերցողի դատին հանձնեց «Իմ եւ իմ միջեւ» խորագրով բանաստեղծությունների պատկերազարդ ժողովածուն, որը բանաստեղծուհու վերջին հինգ տարիների ստեղծագործական աշխատանքի արգասիքն է։
Գրքի շապիկի դարձերեսին հեղինակի հետեւյալ տողերն են. «Կյանքս արդեն մայրամուտի դուռն է թակում, ես՝ հիմարս, արշալույս եմ դեռ երազում․․․»:
Տաթեւ Աղաբաբյանը, որն իրեն բանաստեղծ եւ գրող չի համարում, խոստովանում է, որ միշտ էլ արարել է, բայց շատ մտքեր պարզապես չի գրառել, անցել-գնացել են։ Հիմա հեղինակը որոշել է «փոքր-ինչ լուրջ վերաբերվել» դրանց եւ վերածել գրքի։
«Մի երկու բառ հանգավորված, մի երկու խաղ՝ իրար փարված, դեռ երգեր չեն․․․»,- ասված է գրքում՝ ներածության փոխարեն։
Գրքի շապիկի եւ բանաստեղծություններն ուղեկցող գծանկարների հեղինակը Տիգրան Մաշինյանն է՝ հեղինակի մորեղբայրը։
Շնորհանդեսին հեղինակը բոլոր ներկաներին նվիրեց իր ժողովածուն՝ Գիրք նվիրելու օրվա խորհրդով:
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։