ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հայտնել է, որ Երեւանի տարբեր վարչական շրջաններում ինչ-որ մարդիկ շենքերի բակերում եւ փողոցներում մեքենաների թափքերից թռչնամիս են վաճառում: Ըստ ՍԱՏՄ-ի՝ խնդրի վերաբերյալ մի շարք ահազանգեր են ստացել։
«Տեղեկացնում ենք, որ այդ թռչնամիսը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար. դրանց նկատմամբ որեւէ վերահսկողություն չի իրականացվել, եւ հորդորում ենք ոչ մի դեպքում այդ թռչնամիսը չգնել»,- նշված է հաղորդագրությունում:
Տեսչական մարմնից հորդորում են թռչնամսի ապօրինի վաճառքը նկատելու դեպքում թռչնամիսը վաճառող անձանց, նրանց մեքենայի մասին տվյալները՝ մակնիշը, պետհամարանիշը, թեժ գծով տրամադրել պատկան մարմիններին: