Փետրվարի 1-ից Հայաստանում թանկացավ էլեկտրաէներգիան, եւ թանկացման պատճառներից մեկը համարվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի չաշխատելը կամ մինչ այդ՝ ոչ ամբողջ հզորությամբ աշխատելը։ Էներգետիկ այդ աղբյուրից ստացված էլեկտրաէներգիան նախատեսվում էր արտահանել Իրան-Հայաստան բարձր լարման օդային գծով, որի շինարարությունը պետք է ավարտվեր 2018 թվականին: Օդային գծի կառուցումը մինչ օրս չի ավարտվել, ինչի պատճառով էլ էներգաբլոկը մոտ 100 մլն դոլարի վարկային պարտք է կուտակել ու անցած տարի դադարեցրել աշխատանքը:
Հայաստանի կառավարությունը պարտավորություն է ստանձնել, որ 10 տարի շարունակ տարեկան 31 մլն դոլար պետք է վճարի ընկերությանը կրած եւ դեռ ունենալիք վնասների համար։ Կարճ ասած՝ այդ գումարը փոխհատուցելու համար բարձրացրին էլեկտրաէներգիայի սակագինը։ Այսինքն՝ փետրվարի 1-ից մենք բոլորս վճարում ենք Հրազդանի ՋԷԿ-ի չաշխատելու համար։
Արդեն հայտնի է նաև, որ ապրիլից էլ կթանկանա գազը։ Եվ Հայաստանի պատկան մարմինները չունեն այդ թանկացումը կասեցնելու հնարավորությունը, քանի որ վերը նշված ընկերությունները պատկանում են այլ երկրի՝ Ռուսաստանին։ Ռուսաստանն էլ մեր երկրի նկատմամբ հնարավորինս օգտագործում է իր էներգետիկ լծակները։ Մասնագետները, սակայն, կարծում են, որ Հայաստանը կարող էր զուգահեռաբար հզորացնել իր էներգաարտադրման հնարավորությունները, որպեսզի կարողանար մեղմել ռուսական թանկացումները։
Օրինակ՝ տարիներ առաջ Ճապոնիան Հայաստանին առաջարկել էր 450 մլն դոլարի վարկ Երևանի ՋԷԿ-ի 2-րդ կայանը կառուցելու համար։ Մինչ այդ ճապոնական վարկով հաջողությամբ վերակառուցվել էր Երևանի ՋԷԿ-ը, և դրա դրական փորձի հիման վրա այդ երկիրը պատրաստ էր Հայաստանում նոր ծրագրեր իրականացնելու։
Ճապոնիան այդ վարկը տալիս էր բավականին արտոնյալ պայմաններով՝ 0,3 տոկոսով, 40 տարի մարման ժամկետով, որից 10 տարին առանց տոկոսի, եւ ողջ գումարի 70 տոկոսը վճարելուց հետո մյուս 30 տոկոսը չվճարելու հնարավորությամբ։ Պայմանն այն էր, որ այդ կայանի կառուցման համար պետք է օգտագործվեին ճապոնական տեխնոլոգիաներ, եւ այդ երկիրը ցանկանում էր աշխատել ոչ թե որեւէ մասնավոր ընկերության, այլ մեր պետության հետ՝ պետական երաշխիքով։
Նոր էլեկտրակայանը պետք է աշխատեր նույն սկզբունքով, ինչպես աշխատում է Երևանի ՋԷԿ-ը։ Հայտնի է, որ այս ՋԷԿ-ը գազը ստանում է Իրանից, արտադրում է հոսանք, ինչն էլ վերադարձնում է այդ երկրին 1 խմ գազի դիմաց 3 կՎտ էլեկտրաէներգիա բանաձևով։
Երևանի ՋԷԿ-ն ունի մոտ 250 մեգավատ հզորություն եւ անցած տարի, օրինակ, արտադրել է 1 մլրդ 652 մլն կՎտ էլեկտրաէներգիա։ Անցած տարիներին Հայաստանն Իրանից տարեկան շուրջ 300-400 մլն խորանարդ մետր գազ էր ստանում, որի դիմաց 1-1.2 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա է մատակարարել։
Սակայն Իրանին չի վերադարձվում այնտեղից ներկրված գազով արտադրված ողջ էլեկտրաէներգիան, եւ մի մասը մղվում է ներքին սպառման շուկա։ Իսկ էլեկտրաէներգիա գազի դիմաց բանաձեւի արդյունքում մեր երկրում մնացած հոսանքն այն շահույթն է, որը մնում է այդ գործարքից։
Եթե կառուցվեր Երեւանի ՋԷԿ-ի 2-րդ կայանը, Իրանից ներկրվող գազի, դրանով արտադրվող հոսանքի եւ Իրան առաքվող էլեկտրաէներգիայի ծավալը կտրուկ կավելանար։ Բնականաբար կավելանար նաև մեր երկրին մնացող էլեկտրաէներգիան, ու դրա հիման վրա հնարավոր կլիներ զսպել հոսանքի թանկացումը։ Բայց Ճապոնիայի առաջարկությունն առայժմ թղթի վրա է, և ՀՀ Կառավարությունը դեռ չի կողմնորոշվել այդ հարցում։
Փոխարենը 2017 թվականին սկսվեց եւ անցած տարի շահագործման հանձնվեց Երեւանի ՋԷԿ-ի հարևանությամբ գործող մեկ այլ՝ մեր երկրում դեռևս Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից հայտնի իտալական «Ռենկո» ընկերության կառուցած «Արմփաուեր» ջերմաէլեկտրակայանը գրեթե նույն հզորությամբ։ Պարզապես այս կայանն իր էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառում է մեզ, եւ պետությունը դրանից մասնաբաժին չունի, ինչպես ունի Երեւանի ՋԷԿ-ից։
Երեւանի ՋԷԿ-ի նախկին տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց, թե ճապոնական առաջարկը մեր իշխանություններին ավելի վաղ է եղել, քան «Ռենկոն» կկառուցեր իր «Արմփաուերը»։ Ընդ որում՝ ժամանակին ճապոնական կողմի հետ բանակցությունները հենց ինքն է վարել, բայց նրա համար անհասկանալի է, թե Հայաստանի իշխանություններն ինչու չհամաձայնեցին այդ բավականին ձեռնտու տարբերակին, փոխարենը «Ռենկոյին» հնարավորություն տվեցին։ Իսկ «Արմփաուերն» անցած տարեվերջից արդեն սկսել է էլեկտրաէներգիա արտադրել։
Ճապոնիայի առաջարկը դեռ ուժի մեջ է, եւ եթե ՀՀ իշխանությունները ցանկանան, հիմա էլ կարող են իրականացնել այդ ծրագիրը։
Ի դեպ «Արմփաուերն» իր էլեկտրաէներգիան արտադրում է ոչ թե Իրանից ներկրվող, այլ ռուսական գազով։ Այստեղ հատկանշական է հիշել, որ 2013 թվականին Ռուսաստանի հետ վավերացրած հայտնի գազային պայմանագիրը Հայաստանի առջեւ պայման է դրել ապահովել մեր երկրում ռուսական էներգետիկ ընկերությունների շահութաբերությունը՝ նվազագույնը 9 տոկոս։ Այդպիսով՝ Հրազդանի ՋԷԿ-ի փոխարեն այսօր ռուսական գազ է օգտագործում «Արմփաուերը»։ Այնպես որ ռուսական գազի սպառումը երաշխավորված է։ Այդպիսով՝ ՀՀ իշխանությունները թեեւ չեն խոստովանում, բայց ընդամենը այս հանգամանքների համադրության արդյունքում պարզ է դառնում, որ ստիպված են մերժել Ճապոնիայի առաջարկությունը, որպեսզի ապահովեն ռուսական ընկերությունների շահութաբերությունը։ Հակառակ պարագայում ստիպված կլինեն ավելի շատ վճարել, քան հիմա վճարում են Հրազդանի ՋԷԿ-ի չաշխատելու պատճառով «Գազպրոմ Արմենիայի» կրած վնասների համար։
Ի դեպ 2013 թվականի այդ համաձայնագիրը, որի համար Հայաստանը պարտավորվել է ապահովել ռուսական էներգետիկ ընկերությունների շահութաբերությունը, ուժի մեջ է մինչեւ 2044 թվականը։ Այսինքն՝ դեռ 22 տարի էլ մեր երկիրը պարտավորված է լինելու ապահովել ռուսական այդ ընկերությունների շահութաբերությունն ու այդ պատճառով չի կարողանա ստեղծել էներգետիկ որեւէ լուրջ հնարավորություն։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։