Ծափահարեցին, շնորհավորեցին։ Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ) չորս տարվա դադարից հետո վերջապես ռեկտոր ունի։ 2018 թվականից ի վեր սա բուհում ռեկտոր ընտրելու երրորդ փորձն էր։
Հեղափոխությունից անմիջապես հետո կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել էր Շիրակի պետական համալսարան, որտեղ տիրող մթնոլորտը որակել էր «ոչ ակադեմիական եւ փոխադարձ վիրավորանքներով լեցուն»։ Իրավիճակի հանգուցալուծումը նա տեսել էր նոր խորհուրդ ձեւավորելու մեջ։ Խորհուրդն էլ ռեկտորի նոր ընտրություններ պետք է անցկացներ: Նույն օրը ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարականի դիմում գրեց:
Կրթության եւ գիտության նախարարը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց պրոռեկտոր Երվանդ Սերոբյանին:
Մեկ տարի անց՝ մարտի 2-ին, Շիրակի մայր բուհում տեղի ունեցավ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը:
Ռեկտորի երկու թեկնածուները՝ ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Սարգսյանը եւ «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար լեզուների եւ գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը, ներկայացրին իրենց ծրագրերը, պատասխանեցին հոգաբարձուների խորհրդի անդամների, ուսանողների ու դասախոսների հարցերին։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում, սակայն, թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չունեցավ, ռեկտոր չընտրվեց։
Ընտրությանը մասնակից հոգաբարձուներից 23-ի ձայներից 8-ը Անդրանիկ Սարգսյանինն էր, 6-ը՝ Լուսինե Ֆլջյանինը, 9 քվեաթերթիկ էլ անվավեր էր։
Երկու ամիս անց՝ մայիսի 11-ին, Շիրակի պետական համալսարանում կրկին փորձեցին ռեկտոր ընտրել։ Առաջին մրցույթին մասնակցած թեկնածուներին այս անգամ միացել էին նաեւ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արամ Կարապետյանը եւ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանը:
Հոգաբարձուների խորհրդի 8 ժամ տեւած նիստում առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները՝ Անդրանիկ Սարգսյանն ու Լուսինե Ֆլջյանը, մրցեցին երկրորդ փուլում, որի արդյունքում անհրաժեշտ ձայներ այդպես էլ ոչ մեկին հավաքել չհաջողվեց:
Եվս 3 տարի Շիրակի ամենամեծ բուհը շարունակեց գործել առանց ռեկտորի։
Փետրվարի 19-ին Շիրակի պետական համալսարանում կրկին ռեկտորի ընտրություններ էին կազմակերպվել։ Ի տարբերություն նախորդների՝ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը կայացավ. բուհը ռեկտոր ունեցավ։
Ռեկտորի ընտրության համար գումարված նիստին հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա էին 19-ը։
ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Երվանդ Սերոբյանը թափուր պաշտոնի միակ թեկնածուն էր։ Նա ներկայացրեց ՇՊՀ-ի զարգացման իր հայեցակարգը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին։
Քվեարկության արդյունքում հոգաբարձուների 19 անդամից 7-ը դեմ էին, որ Երվանդ Սերոբյանը առաջիկա 5 տարիներին ղեկավարի բուհը, 12-ը՝ կողմ։ Վերջինների ձայները բավարար էին, որ Սերոբյանը ժամանակավոր պաշտոնակատարից դառնա լիիրավ ռեկտոր։
Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը շնորհավորեց բուհին 4 տարի անց ռեկտոր ունենալու կապակցությամբ։ Ըստ նրա՝ աշխատանքներն ահռելի են։ Բարսեղյանն առաջարկեց նորընտիր ռեկտորին հաշվի առնել հնչած բոլոր հարցերը, առաջարկություններն ու դիտարկումները, վերանայել ու լրամշակել հայեցակարգը։
Երվանդ Սերոբյանը գիրք նվիրելու օրվա խորհրդին համահունչ ստացավ իր առաջին նվերը։ Հոգաբարձուների խորհրդի անդամ, Շիրակի եւ Լոռու մարզերում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը ռեկտորին նվիրեց Թումանյանի հեքիաթների նոր, երկլեզու՝ հայերեն-գերմաներեն նկարազարդ գիրքը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։