Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության հիմնադիր՝ 92-ամյա Ժան-Մարի լը Պենը կաթոլիկ եկեղեցու բոլոր կաննոներով ամուսնական դաշինք է կնքել կնոջ՝ Ժանի լը Պենի (ծնյալ՝ Պաշո) հետ, որն իր կողքին է 1986-ից ի վեր:
Ըստ «Փարիզիեն»-ի՝ զույգն այդ քայլին որոշել է դիմել կորոնավիրուսի պատճառով, որով վարակվել էր նահապետը: «Բոլորովին» ,-առարկել է Ժան-Մարի լը Պենի քարտուղար Լորեն դը Սեն-Աֆրիկը: Նրա ասելով՝ զույգն այս քայլին գնացել է մի քանի տարի տեւած քննարկումներից հետո:
Կաթոլիկ Ժանն ու բողոքական Ժանին ամուսնական դաշինք էին կնքել դեռ 30 տարի առաջ՝ 1991-ին, սակայն կաթոլիկ եկեղեցու տեսանկյունից նրանք դեռ ամուսիններ չէին։ Դստեր՝ Մարին լը Պենի մոր՝ Պյերետի հետ, Ժանը եւս եկեղեցով չէր ամուսնացել:
92-ամյա Ժան-Մարի լը Պենի եւ 88-ամյա Ժանի լը Պենի պսակադրության համեստ արարողությունը տեղի է ունեցել ամուսինների՝ Ռյուեյ-Մալմեզոնի առանձնատանը:
Ըստ ֆրանսիական «L’OBS» պարբերականի՝ մասամբ լատիներենով անցկացվող պսակադրության արարողությունը վարել է աբբա Ֆիլիպ Լագերին` ֆրանսիական ավանդապաշտ կաթոլիկության երեւելի ներկայացուցիչը:
Ի դեպ, Սուրբ Պի Տասներորդի միաբանության այդ նախկին անդամը ժամանակին կնքել է ֆրանսիացի կատակերգու դերասան, կես կամերունցի, կես ֆրանսիացի Դյեդոնե Մբալի Մբալիի երեխաներին, որոնց կնքահայրը հենց ինքն էր՝ Ժան-Մարի լը Պենը։
Իսկ 1987-ին, երբ քահան դեռ ծառայում էր Շարդոնեի Սուրբ Նիկողայոս ավանդապաշտ եկեղեցում, պաշտպանել էր Ժան-Մարի լը Պենին, որը հարձակումների էր ենթարկվում «գազախցերը Երկրորդ աշխարհամարտում աննշան մանրուք են եղել» անզգույշ հայտարարության համար։