ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը որակել է որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խախտում, որը չի համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին:
«Միավորված ազգերի կազմակերպությունը, Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձեւերի համաձայն, առաջվա պես լիովին պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- շեշտել է Դյուժարիկը:
ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն եւս հանդես են եկել այս որոշման դատապարտմամբ։ Մասնավորապես, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը որակել են որպես միջազգային իրավունքի եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։