Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման վերաբերյալ որոշմանը, հայտնում է Milliyet օրաթերթը։
«ՌԴ-ի՝ Լուգանսկի եւ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման վերաբերյալ որոշումը ոչ միայն դեմ է Մինսկի համաձայնագրերին, այլեւ ակնհայտորեն խախտում է Ուկրաինայի քաղաքական միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք ժխտում ու անընդունելի ենք համարում Ռուսաստանի այս որոշումը։ Այս առիթով կրկին շեշտում ենք, որ մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի քաղաքական միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը եւ կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերելու սթափություն եւ հավատարիմ մնալու միջազգային իրավունքի նորմերին»,- նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
Բացի այդ, պայմանավորված Ռուսաստան-Ուկրաինա լարվածության աճով, Թուրքիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Ուկրաինայի արեւելյան շրջաններից։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը