Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառման մեջ Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունել է Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը:
Արցախի նախագահը նշել է, որ ազգերի ինքնորոշման եւ սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է:
«Անկախ պետականության կերտումը եւ նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության եւ մարդասիրական աղետի կանխարգելման համար»,- ասված է հաղորդագրությունում:
Հարությունյանը նշել է, որ տասնամյակներ շարունակ իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար պայքարող Արցախը եւս վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը։
Համանման հայտարարություն է արել նաեւ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ Վերջինս ողջունել է ՌԴ նախագահի՝ ԴԺՀ եւ ԼԺՀ անկախության ճանաչման մասին որոշումը եւ շնորհավորել Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով։
Ռուսաստանի իշխանության վերոնշյալ որոշման վերաբերյալ իր տեսակետն է արտահայտել նաեւ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» խմբակցությունը՝ հանձին պատգամավոր Արթուր Խաչատրյանի։ Ըստ նրա՝ ՀՀ–ն պետք է հարգի ցանկացած ազգի ազատ ինքնորոշման իրավունքը։
Խաչատրյանը միաժամանակ տրամաբանական բացատրություն է պահանջել՝ ինչու ՀՀ–ն 44-օրյա պատերազմի ժամանակ չճանաչեց Արցախի անկախությունը, երբ բանակցային գործընթացը խաթարել-չխաթարելու խնդիր արդեն չկար։